Պուանտիլիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պուանտիլիզմը (ֆր.՝ Pointillisme, բառացիորեն՝ «կետայնացում») գեղանկարչական ոճ է, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով։ Պուանտիլիզմը գեղանկարչական մեթոդ է, որը ձևավորվել է գեղանկարչության՝ պոստիմպրեսիոնիզմի էտապին անցնելու ժամանակ։ Պատմականորեն, ի հակադիր գեղանկարչության աբստրակտ ձևին՝ պուանտիլիզմը հանդիսացել է գեղարվեստական պատկերավորման այլընտրանքային եղանակ։
Պուանտիլիզմի տեխնիկայի հիմքում ընկած են դիտորդի հեռանկարային տեսողական ընկալումը և նրա երևակայելու ընդունակությունը, որոնց շնորհիվ բազմաթիվ գունավոր կետերը միավորելով (որոշ հեռավորության վրա, կամ՝ ամբողջական պատկերի մասշտաբները փոքրացնելով)՝ դիտորդը տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ ավելի բազմազան նրբերանգներով, քան իրականում պատկերված է։ Այս երևույթի հետ անմիջականորեն առնչվում է դիվիզիոնիզմը (անգլերեն՝ division՝ բաժանում)։ Դիվիզիոնիզմը պուանտիլիզմի այլընտրանքային անվանում է, որի հիմքում, սակայն, ընկած են առավել առաջավոր մեթոդներ։
Պուանտիլիզմի մեթոդը հակադրվում է հիմնական գույներն իրար խառնելու ավանդական մեթոդին գեղանկարչության մեջ։ Այլ կերպ ասած՝ պուանտիլիստական ոճի նկարներում հիմնական գույներից բացի՝ որևէ այլ գույն չի կիրառվում։ Պուանտիլիզմի անալոգն է քառագույն CMYK՝ տպագրությունը, որն ընկած է որոշ գունավոր տպիչների և ավելի լայնամասշտաբ գունավոր տպագրության հիմքում (Cyan՝ կապույտ, Magenta՝ կարմիր, Yellow and Black՝ դեղին և սև)։ Հեռուստացույցների և համակարգիչների էկրաններին պատկերների ցուցադրման հիմքում ևս ընկած է պուանտիլիզմի սկզբունքը. պատկերներն արտացոլվում են կարմիր, կանաչ և կապույտ գույներով (RGB՝ Red, Green, Blue), որոնց միախառնումը դիտորդի համար ներկայանում է ամենատարբեր նրբերանգներով ամբողջական պատկերների տեսքով։
Պուանտիլիստական պատկերը դիտելիս առանցքային նշանակություն ունի նեյրոպլաստիկան։ Երկու անհատներ կարող են զննել միևնույն պատկերը, այսինքն՝ «ստանալ» և յուրաքանչյուրն իր աչքերի ցանցաթաղանթներին «հաղորդել» ֆոտոռեալիստիկ պատկերն արտացոլող միևնույն լուսաքվանտները (ֆոտոնները), սակայն նա, ում միտքը հիանում է պուանտիլիզմի տեսությամբ, «կտեսնի» բոլորովին այլ պատկեր, քանի որ նրա գլխուղեղի տեսողական կեղևում պատկերն այլ կերպ է ընկալվում[1]։