Ջենիֆեր Լոուրենս
From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Շրեյդեր Լոուրենս (անգլ.՝ Jennifer Shrader Lawrence, օգոստոսի 15, 1990(1990-08-15), Indian Hills, Ջեֆերսոն շրջան, Կենտուկի[4]), ամերիկացի դերասանուհի և մոդել։
Առաջին նշմարելի դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ [5] Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։
Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ։ Առաջին դաս» (2011) «Քաղցած խաղեր» (2012) և այլն։ «Քաղցած խաղեր» կատարած դերակատարման համար բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից։
2013 թվականին նկարահանվել է նաև «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» ֆիլմում, նույն տարում նկարահանվել է Դեյվիդ Օ Ռասսելի «Խարդախություն Ամերիկյան Ձևով» ֆիլմում, որի համար արժանացել է իր երկրորդ Ոսկե Գլոբուսին, և երրորդ Օսկարի անվանակարգին, դառնալով ամենաերիտասարդ դերասանուհին, ով ներկայացվել է 3 Օսկարի։ Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։