Ջոզեֆսոնի երևույթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆսոնի երևույթ, էլեկտրոննների կուպերյան զույգերի թունելացմամբ պայմանավորված գերհաղորդիչ հոսանքի անցումն է բարակ մեկուսիչ շերտի միջով, որը գտնվում է երկու գերհաղորդիչների միջև։ Այս հոսանքը կոչվում է Ջոզեֆսոնի հոսանք, իսկ գերհաղորդիչ-դիէլեկտրիկ-գերհաղորդիչ կառուցվածքը՝ Ջոզեֆսոնի անցում (անգլ.՝ Josephson junction), Ջոզեֆսոնի կոնտակտ, Ջոզեֆսոնի հանգույց, Գ-Դ-Գ անցում, Գ-Դ-Գ սենդվիչ։
Ջոզեֆսոնի երևույթը պատկանում է այսպես կոչված մակրոսկոպիկ քվանտային երևույթների շարքին, քանի որ երևույթի գոյությունը պայմանավորված է քվանտային երևույթներով (մասնավորապես՝ քվանտային թունելացմամբ), սակայն պրոցեսին միաժամանակ հազարավոր էլեկտրոններ են մասնակցում։ Երևույթը կոչվում է բրիտանացի ֆիզիկոս Բրայան Ջոզեֆսոնի անունով, ով առաջինն է տեսականորեն կանխատեսել երևույթը և ստացել դիէլեկտրիկի շերտով անցնող հոսանքի և կիրառված լարման մաթեմատիկական կապը։ Ջոզեֆսոնի տեսությունը բաղկացած է հիմնական երկու մասից՝ մեկը տեսականորեն ցույց է տալիս գերհաղորդիչների միջև տեղադրված բարակ դիէլեկտրիկական շերտով գերհաղորդիչ հոսանքի անցման հնարավորությունը, իսկ մյուս մասը՝ տարբեր դեպքերի համար մաթեմատիկական առնչությունների ստացումն է։