Ջեֆրի Չոսեր (անգլ.՝ Geoffrey Chaucer, մոտ 1343[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մոտ հոկտեմբերի 25, 1400, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։

Մասնակցել է 1337-1453 թթ. հարյուրամյա պատերազմին, 70-ական թվականներին կատարել է դիվանագիտական հանձնարարություններ Ֆրանսիայում և Իտալիայում։ Վարել է վարչական պաշտոններ։ «Անգլիական պոեզիայի հայր» (Ջ. Դրայդեն) Չոսերը, հակառակ ընդունված լատիներենի, գրել է անգլերենով։ Ստեղծագործության առաջին փուլում (կոչվում է «ֆրանսիական», մինչև 1369 թ.) Չոսերը կրել է ֆրանսիական ասպետական գրականության ազդեցությունը («Դքսուհու գիրքը», 1369, պոեմ)։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո ընկած երկրորդ փուլում («իտալական», մոտ 1380-1386) են ստեղծվել «Թռչունների պառլամենտը», «Տրոիլուս և Քրիզեիդ» պոեմները, «Հմայիչ կանանց առասպելը» պատմվածքների ժողովածուն և այլն։ Համաանգլիական գրական լեզվով առաջին հուշարձաններից են 1380-ականների վերջերին սկսված և անավարտ մնացած «Քենթրբերյան պատմվածքներ» բանաստեղծությունների ու նովելների ժողովածուն, որ հատկանշում են Չոսերի ստեղծագործության երրորդ փուլը («անգլիական»)։ Այս գիրքը, որ ամփոփում է քսանից ավելի չափածո պատմվածք և նույնքան կապող ինտերմեդիաներ, ներկայացնում է իր ժամանակի Անգլիան[4]։

Կենսագրություն

Thumb
Չոսերը որպես պանդուխտ

Ջեֆրի Չոսերը ծնվել է 1343 թվականին Լոնդոնում՝ հարուստ գինու վաճառականի ընտանիքում։ Հայրը հանդիսացել է թագավորական պալատի գինու մատակարարը։ Տասը տարեկանում Չոսերը հայտնվում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի մթնոլորտում, որովհետև ընկնում է պալատ և դառնում պալատական մանկլավիկ, նաև զինակիր, երկու անգամ մասնակցում է Ֆրանսիա կատարված արշավանքներին, դրանցից մեկի ժամանակ գերի է ընկնում Ռեյմս քաղաքի մոտ, ազատվում է փրկագնով և նորից վերադառնում Անգլիա։ Անգլիայում աշխատում է որպես մաքսատան վերակացու, նշանակվում Թեմզայի կամուրջների, ջրատար խողովակների, ջրանցքների հսկիչ, կատարում է դիվանագիտական հանձնարարություններ։ Նրա կյանքում եղել են վերելքներ և վայրէջքներ։ Կյանքի վերջում ապրել է աղքատության մեջ։ Ամբողջ կյանքում նրա հետ է եղել միջնադարի հեղինակ Բոցիայի «Սփոփանք փիլիսոփայությամբ» գիրքը։ Վախճանվել է 1400 թվականին։ Թաղված է Վետմինստերյան աբբայությունում։ Չոսերի շիրիմով սկիզբ է դրվում պոետների համար ստեղծված անկյունին։

Ստեղծագործություններ

Վաղ շրջան

Thumb

Ստեղծագործության վաղ շրջանում Չոսերը հավատարիմ է մնում միջնադարյան գրականության ավանդույթներին և գրում է «Փառքի տունը», «Թռչնային պառլամենտ», «Հերցոգուհու գիրքը», որոնք գրված են տեսիլքի ժանրով։ Դրանք հիմնականում արձագանքում էին պալատական կյանքի իրադարձություններին։ Չոսերի առաջին շրջանի լավագույն ստեղծագործությունը, որը նա անվանում է ողբերգություն՝ «Տրոյիլ և Քրիզեիդան» է։ Սրա թեման Չոսերը վերցրել է Բոկաչոյի «Ֆիլոստրատոյից»։ Գործող անձերը ռեալ, մարդկային բնավորություններ են։

Քենտերբերյան պատմություններ

Thumb
«Քենտերբերյան պատմություններ» գրքի առաջին էջը

Չոսերի լավագույն ստեղծագործությունը նրա «Քենտերբերյան պատմություններն» են։ Այս ստեղծագործության տոնը առույգ է և նրա համար նախաբան է Չոսերի «Թռչնային պառլամենտից» վերցրված այն տողերը, որտեղ հեղինակը գրում է, թե այս ստեղծագործության միջոցով ընթերցողը կմտնի մի կախարդական այգի, որտեղ կապաքինվեն սրտի վերքերը, որտեղ նա կառույգանա, կուրախանա և հաճույք կստանա։ «Քենտերբերյան պատմությունների» հաղթանակող կողմը ծիծաղն է, որի աստիճանները տարբեր են՝ նուրբ կատակից մինչև սուր խայթոցներ։ Չոսերը Բոկաչոյից է վերցրել գրական շրջանակի ձևը, որն օգտագործում է յուրովի։ Եթե Բոկաչոյի «Դեկամերոնի» մեջ ընդհանուր ֆոնը մռայլ է, ապա Չոսերի տեղծագործության ֆոնը զվարթ է։ «Քենտերբերյան պատմություններն» ունի նախերգանք, որի մեջ պատմվում է, թե ինչպես գարնանային մի օր ուխտավորները հավաքվել էին Լոնդոնի մոտ գտնվող «Տաբարդ» հյուրանոցում, որպեսզի մեկնեն Քենտերբերի՝ խոնարհվելու սուրբ Թոմաս Բեկետի գերեզմանին։ Հյուրանոցի տերը՝ Հարրի Բեյլին խորհուրդ է տալիս գնալիս և վերադառնալիս պատմել երկուական պատմություն։ Հավաքվում են 24 մարդ, այդ թվում և հեղինակը։ Չոսերի գիրքը մնացել է անավարտ։ Այն պարունակում է 24 պատմություն, որոնք գրված են չափածոյով։ Չոսերի հերոսները պատմում են այնպիսի պատմություններ, որոնք համապատասխան են իրենց մարդկային նկարագրին։ Չոսերի նովելներն իրար հետ կապված են ինտերմեդիաներով՝ միջանկյալ պատմություններով։ Հեղինակի պատմությունների համար հիմք են հանդիսացել հեքիաթներ, ավանդույթներ, զրույցներ։ Նա թեմաներ է վերցրել հռոմեական, արևելյան ժողովածուներից։ «Քենտերբերյան պատմություններում» կան պարոդիաներ, բարոյախոսական զրույցներ։ Մի շարք պատմությունների հիմքում ֆաբլիոների թափառող սյուժեներն են, որոնք հեղինակի կողմից հասցված են ռեալիստական նովելի աստիճանի։ Չոսերի ստեղծագործությունն ամբողջ իրական կյանքն է։

Գրականություն

  • Benson, Larry D.; Pratt, Robert; Robinson, F.N., eds. (1987). The Riverside Chaucer (3rd ed.). Houghton-Mifflin. ISBN 0-395-29031-7.
  • Crow, Martin M.; Olsen, Clair C. (1966). Chaucer: Life-Records.
  • Hopper, Vincent Foster (1970). Chaucer's Canterbury Tales (Selected): An Interlinear Translation. Barron's Educational Series. ISBN 0-8120-0039-0.
  • Hulbert, James Root (1912). Chaucer's Official Life. Collegiate Press, G. Banta Pub. Co. էջ 75. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  • Morley, Henry (1883). A First Sketch of English Literature. Harvard University.
  • Skeat, W.W. (1899). The Complete Works of Geoffrey Chaucer. Oxford: Clarendon Press.
  • Speirs, John (1951). Chaucer the Maker. London: Faber and Faber.
  • Ward, Adolphus W. (1907). «Chaucer». Edinburgh: R. & R. Clark,. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.