Ռազմական փող
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական փող, ռազմական արժույթ, թղթադրամի հատուկ տեսակ, որ մի պետության զինվորական իշխանությունները, որպես վճարման պարտադիր միջոց, շրջանառության մեջ են դնում մյուս երկրի (երկրների խմբի) տարածքում։ Ռազմական փողը (օկուպացիոն փողը) կատարում է միայն շրջանառության ու վճարման միջոցի ֆունկցիաներ և չի կարող լինել արժեչափ, գանձակուտակման միջոց ու համաշխարհային փող։ Թղթադրամից տարբերվում է առանձնահատուկ ու ինֆլյացիոն բնույթով, շրջանառման կարճատևությամբ ու տարածքի սահմանափակությամբ, որևէ ապահովվածության բացակայությամբ, տեղական վալյուտայի նկատմամբ հարկադրական կուրսով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական փող թողարկել է պատերազմող երկրների մեծ մասը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռազմական փող է բաց թողել Նացիստական Գերմանիան (Լեհաստանում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Ֆրանսիայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության օկուպացված տարածքներում), իսկ պատերազմի վերջին շրջանում և դրա ավարտից հետո՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան (Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Արևմտյան Գերմանիայում և այլուր) և Խորհրդային Միությունը (Ավստրիայում, Գերմանիայում և այլուր)։