անգլիացի բանաստեղծ (1612-1649) From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Կրեշո (անգլ.՝ Richard Crashaw, 1612[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - օգոստոսի 21, 1649[4][5], Լորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ), անգլիացի բանաստեղծ, ուսուցիչ, Բարձր եկեղեցու անգլիկան հոգևորական և հռոմեական կաթոլիկություն ընդունած անձ, ով 17-րդ դարի անգլիական գրականության մետաֆիզիկական պոեզիայի ականավոր բանաստեղծների շարքին է դասվել։ Կաթոլիկություն է ընդունել և Իտալիայում ստացել եկեղեցական պաշտոն, որտեղ էլ մահացել է։
Ռիչարդ Կրեշո անգլ.՝ Richard Crashaw | |
---|---|
«Քայլեր դեպի տաճար» կազմ, 1646 | |
Ծնվել է | 1612[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 21, 1649[4][5] |
Վախճանի վայր | Լորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Փիթերհաուս, Պեմբրոկ քոլեջ և Չարտերհաուս դպրոց |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Richard Crashaw Վիքիպահեստում |
Կրեշոն պուրիտանական հավատալիքներով հայտնի անգլիական աստվածաբան, բանաստեղծ Վիլիամ Կրեշոյի (1572-1626) որդին է եղել, ով կաթոլիկության դեմ հանդես եկող պամֆլետիստի և բանավիճողի մեծ հեղինակություն է վայելել։ Կրեշոյի ծննդյան ստույգ ամսաթիվը և մոր անունը հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա ծնվել է կամ 1612 թվականին Քրիստոսի գալուստի տոնի (անգլ.՝ Advent Season) շրջանում, կամ 1613 թվականի հունվարի 6-ին, Քրիստոսի հայտնության տոնի շրջանում[6]։
Երիտասարդ Ռիչարդի վաղ դաստիարակության մասին միանշանակ ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ տեսակետ կա, որ նա օգվել է իր հոր անձնական գրադարանից, որը պարունակել է բազմաթիվ կաթոլիկ գործեր և համարվել է «ժամանակի լավագույն մասնավոր աստվածաբանական գրադարաններից մեկը»[7][8]։ Վաղ հասակում նա հավանաբար ազդվել է Բերնարդ Քլերվոսացու «Երգ-երգոց քարոզից», ուշ միջնադարյան բաստեղծուհի Եկատերինա Սիենացու կյանքի պատմությունից, Բրիջիթ Շվեդացու և Ռիչարդ Ռոլլի գրքերից[9]։
Հոր մահից հետո Կրեշոն սովորել էր Չարթերհաուս դպրոցում և Քեմբրիջի համալսարանի Փեմբրոկ քոլեջում։ Կրեշոն աստիճան ստանալուց հետո դասավանդել է Փիթերհաուսում՝ Քեմբրիջում և սկսել է հրատարակել կրոնական պոեզիա, որն արտահայտել է նրա հստակ քրիստոնեական խորհրդապաշտական բնույթը և ուժեղ քրիստոնեական հավատը։
Կրեշոն անգլիկան եկեղեցում նշանակվել է հոգևորական և իր աստվածաբանության մեջ ու պրակտիկայում ընդգրկել էր Արքբիշոպ Լաուդի կողմից սահմանված Բարձր եկեղեցու ծիսական բարեփոխումները։ Անգլիական պուրիտանականների (մաքրակրոններ) շրջանում Կրեշոն տխրահռչակ հոգևորականի համբավ է ունեցել մի շարք այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝ եկեղեցին զարդարելու նպատակով կրոնական արվեստն օգտագործելը, Կույս Մարիամին նվիրվածությունը, Կաթոլիկական հանդերձ կրելը և այլն։ Այնուամենայնիվ, այդ տարիների ընթացքում, Քեմբրիջի համալսարանն այսպիսի նախադեպերի և անգլիական Ռոյալիստների քաղաքականության օրրան է եղել։ Երկու թևի կողմնակիցներն էլ բռնի հետապնդվել են պուրիտանական ուժերի կողմից, ինչպես Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1642-1651), այնպես էլ դրանից հետո։
Կրեշոյի «Քայլեր դեպի տաճար» պոեմների մեծ մասն առավելապես բաղկացած են Փրկչին, Կույս Մարիամին և Մարիամ Մագդաղենացուն ուղղված աղերսալի կոչերից։ Կրեշոյի ստեղծագործությոններից ազդվել են Անգլիայի բազմաթիվ բանաստեղծներ, որոնց թվում՝ առավելապես Սամուել Քոլրիջը։
Կրեշոյի պոեզիան, չնայած հաճախ դասվում է ժամանակակից անգլիական մետաֆիզիկական բանաստեղծների ստեղծագործությունների շարքին, այնուամենայնիվ, ընդհանուր եզրեր ունի բարոկկո բանաստեղծների ստեղծագործությունների հետ և մասամբ զգացվում է իտալական և իսպանական միստիկ ստեղծագործողների ազդեցությունը։ Նա զուգահեռներ է անցկացնում «բնության ֆիզիկական գեղեցկությունների և գոյության հոգևոր նշանակության միջև»[10]։ Ըստ որոշ տեսակետների, նրա աշխատանքը շեշտադրում է կատարում «կյանքի ոչ մեծ շնորհների և կրոնի խորը ճշմարտությունների նկատմամբ սիրո վրա, թեև նա, կարծես, հավիտյան մտահոգ է իրերի գաղտնի կառուցվածքով»[9]։
Կրեշոյի միստիկ տրամադրությունը չափազանցության ոչ մի ձևի առջև կանգ չի առել, բայց ինչպես ասել է նրա քննադատներից մեկը, «չնայած իր բոլոր աբստրակցիաներին, փոխաբերություններին և ապաթարցներին, Կրեշոն հազվադեպ էր ձանձրալի լինում»։ Կրեշոյի ստեղծագործությունների ժողովածուն բազմիցս լույս է տեսել Լոնդոնում (1858, 1872 և 1900)[11]։
1643 թվականին, երբ պուրիտանական գեներալ Օլիվեր Քրոմվելը զավթել էր քաղաքի վերահսկողությունը, Կրեշոն հեռացվել է իր պաշտոնից և դարձել փախստական՝ Ֆրանսիայում և Պապական մարզերում։ Նա կարդինալ Ջիովանի Բատիստա Մարիա Պալոտայի մոտ օգնականի աշխատանք է գտել Հռոմում։
Աքսորում գտնվելու ընթացքում Կրեշոն կրոնափոխ է եղել՝ անգլիականությունից կաթոլիկության անցնելով։ 1649 թվականի ապրիլին, Կարդինալ Փալոտան նրան նշանակել է Լորետո քաղաքի Սուրբ խրճիթի եկեղեցու (տաճարի) կանոնիկոս, որտեղ էլ նա 4 ամիս անց հանկարծամահ է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.