1880 - Ծնվել է ԱվստրիայիՔլանգեֆուրտ քաղաքում, ինժեներ Ալֆրեդ Մուզիլի և նրա կնոջ՝ Հերմինեի (օրիորդական ազգանունով՝ Բերգաուեր) ընտանիքում։ Հայրը սերում էր մի հին ավստրիական ընտանիքից, մոր նախնիները Բոհեմիայի գերմանացիներ էին։ Ռոբերտ Մուզիլը մկրտվում է կաթոլիկական ծեսով։
1881 - 1882 - Մուզիլների ընտանիքը տեղափոխվում է Կոմոտաու (Բոհեմիա)։
1882 - 1891 - Շտայր (Վերին Ավստրիա)։ Հաճախում է տեղի ժողովրդական դպրոցը և ռեալական գիմնազիայի առաջին դասարանը։
1891 - 1892 - Բրյունն։ Հաճախում է տեղի ռեալական դպրոցը։
1892 - 1894 - Հաճախում է Այզենշտադի Զինվորական տարրական դպրոցը։
1894 - 1897 - Հաճախում է Մեհրիշ-Վայսքիրխընի (Հրանիկե) Զինվորական բարձրագույն դպրոցը։ Զբաղվելով հրետանային գործով՝ Մուզիլը բացահայտում է իր տեխնիկական ընդունակություններն ու հետաքրքրությունները։
1897 - Ուսանում է Վիեննայի Տեխնիկական Զինվորական ակադեմիայում։
1898 - 1901 - Սպայական կրթության ընդհատումը։ Մեքենաշինություն է ուսանում Բրյուննի Տեխնիկական Բարձրագույն դպրոցում, ուր 1890-ից Մուզիլի հայրը աշխատում էր որպես պրոֆեսոր։ Առաջին ստեղծագործական փորձերը։
1901, հուլիս - Պետական քննություն է հանձնում ինժեների որակավորում ստանալու համար։
1902 - 1903 - Ուսանում է Շտուտգարտի Բարձրագույն Տեխնիկական դպրոցում։ Աշխատում է «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» ինքնակենսագրական բնույթի վեպի վրա։
1903 - 1908 - Փիլիսոփայություն, հատկապես տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն է ուսանում Բեռլինի համալսարանում։
1904 - Մուզիլը հասունության քննություն է հանձնում Բրյուննի գերմանական պետական գիմնազիայում։
1905 - «Մարդը առանց հատկությունների» վեպի ծրագրերի առաջին հիշատակությունը օրագրերում։
1906 - Մուզիլը լույս է ընծայում իր անդրանիկ վեպը՝ «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» վերնագրով։ Նույն թվականին էլ Մուզիլը պատրաստում է մի փոփոխարկվող հոլ՝ մարդկանց գունային ընկալումների հետազոտման նպատակով (այդ սարքավորումն էլ այդպես էլ կոչվում է՝ մուզիլյան գունահոլ)։
1908 - Դիսերտացիա է պաշտպանում միանգամից երեք մասնագիտությունների գծով՝ փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա՝ «Մախի ուսմունքի գնահատման խնդրի շուրջ» վերնագրով։
1909 - 1914 - Մինչև առաջին աշխարհամարտը աշխատակցում է մի շարք պարբերականների։
1911 - Լույս է ընծայում «Միացումներ» ժողովածուն։ Ամուսնանում է Մարթա Մարկովալդիի (օրիորդական ազգանունով՝ Հայմանն) հետ։
1914 - 1918 - Պատերազմն սկսում է որպես կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով, այդ ամբողջ ընթացքում հիմնականում գտնվելով իտալական ճակատում։
1918 - 1920 - Պատերազմի ընթացքում և հետո՝ մինչև 1920 թ. շարունակում է գրահրապարակախոսական գործունեությունը։
1921 - 1923 - Բեռլին կատարած մի քանի այցելությունից հետո՝ հիմնականում հաստատվում է Վիեննայում՝ դառնալով ազատ ստեղծագործող։ Աշխատում է «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա։
1929 - «Երազողները» դրամայի համար արժանանում է Գերհարտ Հաուպտմանի անվան մրցանակին։
1931 - Լույս է տեսնում «Մարդը առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն ունենում, չնայած գրողի նյութական վիճակը շարունակում է ծանր մնալ;
1931 - 1933 - Մուզիլն ապրում է Բեռլինում և շարունակում է աշխատանքը «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա։
1932 - Կուրտ Գլազերի ջանքերով Բեռլինում ստեղծվում է Մուզիլյան ընկերությունը, որի ֆինանսական օգնության շնորհիվ Մուզիլը հնարավորություն է ստանում շարունակել աշխատանքը վեպի վրա։
1933 - Լույս է տեսնում վեպի երկրորդ հատորի առաջին մասը։ Երրորդ ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա, ուր և շարունակում է աշխատանքը վեպի վրա՝ նյութական մեծ դժվարություններ կրելով։
1934 - 1938 - Բեռլինի Մուզիլյան ընկերության լուծարումից հետո՝ Վիեննայում հիմնված մի նոր Մուզիլյան ընկերությունը իր կանոնավոր նյութական օժանդակությամբ հնարավորություն է տալիս Մուզիլին շարունակել աշխատանքը վեպի վերջին՝ երրորդ մասի վրա։
1936 - Հրապարակում է «Ժառանգություն կենդանության օրոք» ժողովածուն։ Սրտի կաթված է ստանում։