Ռոկոկո
From Wikipedia, the free encyclopedia
Ռոկոկո (ֆր.՝ rococo, rocaille), ոճ արվեստում, որը ծագել է Ֆրանսիայում 18-րդ դարի առաջին կեսին բարոկկո ոճի զարգացման արդյունքում։ Ռոկոկոյի բնորոշ գծերն են շքեղությունը, ինտերիերի դեկորատիվ ծանրաբեռնվածությունը, ռիթմը, դիցաբանության նկատմամբ մեծ հետաքրքրությունը, հարմարավետությունը։ Ճարտարապետության մեջ ամենաբարձր զարգացումն է ունեցել Բավարիայում։
«Ռոկոկո» (կամ ռոկայլ) եզրույթը գործառության մեջ է մտել 19-րդ դարում։ «Ռոկայլը» ինտերիերի, շատրվանային բաժակների և նման կառույցների՝ տարբեր քարերով ձևավորումն է այնպես, որ բնականի տպավորություն է թողնում։ Այն, ինչը մենք այժմ անվանում ենք ռոկոկո, իր ժամանակին կոչվում էր «գեղեցիկ ճաշակ», բայց 1750-ական թվականներին ուժեղացավ քննադատությունը, և գրականության մեջ սկսեց հանդիպել «փչացած ճաշակ» արտահայտությունը։ Իրենց որակումներում հատկապես խիստ էին էնցիկլոպեդիստները, որոնց կարծիքով՝ «փչացած ճաշակում» բացակայում էր խելամիտ սկիզբը։
Ոճի հիմնական տարրերն են խոպոպիկները և կարտելը՝ այժմ մոռացված մի եզրույթ, որոնցով բնութագրվում է կարծես կտրված եզրերով թղթերի կլորավուն փաթեթը, որում կարող է տեղադրվել խորհրդանիշ, զինանշան կամ մակագրություն։
Չնայած նոր «անտիկ ձևերը» հանրաճանաչ էին և նորաձև 1750-ական թվականներին (այդ ուղղությունը ստացավ «հունական ճաշակ» անվանումը), ռոկոկոն իր դիրքերը պահեց մինչև հարյուրամյակի վերջը։ Ֆրանսիայում ռոկոկոյի շրջանը կոչվեց Կուպիդոնի և Վեներայի շրջան[1]։