Սասանյան Պարսկաստան (պահլավերեն՝ 𐭠𐭩𐭥𐭠𐭭𐭱𐭲𐭥𐭩, պարս.՝ ساسانیان), պարսկական պետություն ներկայիս Իրաքի և Իրանի տարածքում 224-651 թվականներին։ Հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը Էրանշահր ( - ērānšahr) «իրանցիների (արիների) պետություն»։
Թագավորության հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր (226-239/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ 221 թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ Պարսկաստանում գերիշխանության համար և 224 թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից և անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։