Սեռական հանցագործություններ
From Wikipedia, the free encyclopedia
Սեռական կամ սեքսուալ հանցագործություններ, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես քրեական օրենսդրությամբ արգելված հասարակական վտանգավոր արարքներ, որոնց էությունը սեռական հարաբերությունների ոլորտում հասարակության մեջ ձևավորված նորմալ դիրքի, ինչպես նաև սեռերի փոխհարաբերությունների ոլորտում բարոյականության նորմերի կոպիտ խախտումն է[1]։
Սեռական հանցագործությունների մեջ ոտնձգության օբյեկտը բարդ և համալիր բնույթ ունի։ Առաջին հերթին, նրա մեջ մտնում են այնպիսի շահեր և բարիքներ, ինչպիսիք են անձի սեռական ազատությունը և սեռական անձեռնմխելիությունը, որոնք չեն կարող համարվել գիտակցված համաձայնություն՝ սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար։ Բացի այդ, սեռական հանցագործությունները ազդում են և բացասաբար են անդրադառնում նաև անչափահասների ֆիզիկական կամ հոգեկան նորմալ զարգացման վրա (դա այն դեպքում, երբ նրանց հանդեպ կիրառվում է սեռական հանցագործություն և նրանք համարվում են տուժողներ), վնաս են հասցնում անձի կյանքին ու առողջությանը, պատվին ու արժանապատվությանը[1]։ Բացի այդ, սեռական հանցագործությունների որոշ տեսակների մեջ առաջին տեղը զբաղեցնում են հասարակության բարոյական մթնոլորտի, հասարակության մեջ սեռական հարաբերությունների բնագավառում նորմալ կյանքի դեմ ուղղված ոտնձգությունները։