Սերբական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Սերբական խոհանոց (սերբ.՝ Српска кухиња), սերբ ժողովրդի ավանդական խոհանոց՝ ներառած միջերկրածովյան էլեմենտներ (Բյուզանդական կայսրություն/Հունաստան), մերձավոր արևելյան (Թուրքիա) և Ավստրո-Հունգարական խոհանոց։ Դա կապված է նման աշխարհագրական դիրքի, մթերքների ընդհանրության և երկարամյա պատմական հարևանության հետ։ Սերբական խոհանոցն իր մեջ համատեղում է տարբեր երկրների ավանդույթներ․ հրուշակեղենի վաճառասեղաններին ներդաշնակորեն գոյակցում են կոլիվոն, փախլավան, ընկույզով ռոլլ և տորթ Զախեր։
Թուրքական խոհանոցի ազդեցությունը դրսևորվում է նրանով, որ օրինակ գրեթե բոլոր ռեստորաններում ձեզ անպայման կառաջարկվեն քյուֆթա, լյուլյա-քաբաբ, աշա-քաբաբ, խորովածի ամենատարբեր տեսականի, «մեսո զա սկարա» (բարբեքյուի բալկանյան տարբերակը), ոչխարի մսով փլավ։ Սերբիայի հյուսիսում զգացվում է հունգարական, ռումինական և բուլղարական խոհանոցների ազդեցությունը, այստեղ լայնորեն տարածված են խոզամսով կերակրատեսակները, ցանկացողները կարող են փորձել մամալգու և եգիպտացորենի բլիթներ[1]։ Վերջին տարիներին, բազմաթիվ սերբական դիասպորաների շնորհիվ, սերբական խոհանոցը կարելի է փորձարկել ողջ աշխարհում։ Սերբիայի բնակչության մեծամասնությունը, որպես կանոն, օրվա մեջ սնվում է երեք անգամ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք, ընդ որում նախաճաշը համարվում է հիմնական և հետևաբար ամենաերկարատև սննդի ընդունումը։ Համենայն դեպս, մինչև 19-րդ դարի կեսը Սերբիայում ավանդորեն գոյություն է ունեցել միայն ճաշն ու ընթրիքը, մարդիկ չէին նախաճաշում[2]։