Սերուցք
From Wikipedia, the free encyclopedia
Սերուցք, ամբողջական կաթից ճարպային մասնաբաժինը զտելու միջոցով ստացվող կաթնամթերք։
Նախքան զտիչների հայտնագործումը՝ սերուցք ստանում էին՝ իրենց ստորին մասում ծորակ ունեցող հատուկ տարաների մեջ պարզանի կաթը լցնելով։
Ընդհանուր առմամբ սերուցքը և թթվասերը դրանք պարզանի կաթի վերին շերտն են, տարբերվում են միայն ստացման եղանակով։ Թարմ վիճակում սերուցքն օգտագործելու համար այն արտադրում են փաթեթավորված տարբերակով, որը, որպես կանոն, պարունակում է 10-20 % ճարպեր՝ սովորական սերուցքի դեպքում, և 35 %՝ յուղոտ սերուցքի դեպքում, և շուկա է մտնում պաստերիզացված տարբերակով։ Շուկայում կարելի է հանդիպել նաև պահածոյացված և չոր սերուցքների, որոնց օգտագործման պայմանները և կանոնները ներկայացված են ապրանքանիշի վրա։ Ճարպերի մեծ քանակության շնորհիվ սերուցքը համարվում է բավականին սննդարար մթերք։ Այն պարունակում է նաև 3,5 % սպիտակուցներ, 4,3 % ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ (A, E, B1, B2, C, PP և այլն)։
Սերուցքն օգտագործում են թթվասեր և կարագ, ինչպես նաև տարատեսակ խոհարարական արտադրանքներ պատրաստելիս։ Սերուցքը ներառված է որոշ ապուր-խյուսերի, սոուսների, քաղցր ուտեստների և հրուշակեղենի արտադրության մեջ։ Յուղային սերուցքը հեշտ և արագ հարվում է՝ դառնալով թանձր փրփուր և առավելապես կիրառվում է քաղցր ուտեստների և հրուշակեղենի արտադրության մեջ։