Գետաձի
From Wikipedia, the free encyclopedia
Սովորական գետաձի (լատին․՝ Hippopotamus amphibius) կամ ուղղակի գետաձի, հայտնի է նաև որպես գետային գետաձի, հսկայական չափեր ունեցող ֆիտոֆագ, կիսաջրային երկսմբակավոր կենդանատեսակ, որն ազատ բնության մեջ հանդիպում է միայն Ենթասահարայական Աֆրիկայում։ Գետաձիայինների ընտանիքի երկու տեսակներից մեկն է (մյուս ներկայացուցիչը գաճաճ գետաձին է)։ Այս կենդանիների գիտական անվանումը կապված է հին հունարեն «հիպոպոտամոս» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է «գետի ձի»։ Այդկերպ են անվանել հույն գաղութարարները Նեղոսի դելտայում տեսնելով հսկա այս կենդանիներին։
Սովորական գետաձի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hippopotamus amphibius | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Փղերից և ռնգեղջյուրներից հետո գետաձիերը երրորդ ամենամեծ ցամաքային կաթնասուններն են և ներկայումս գոյություն ունեցող ամենախոշոր երկսմբակավորները։ Չնայած խոզերի և այլ ցամաքային կարգակիցների հետ ունեցած ֆիզիկական նմանությանը, գետաձիերի ամենամոտ ազգակիցները կետանմաններն են (կետերը, դելֆինները, ծովային խոզերը և այլն), որոնցից նրանք առանձնացել են մոտ 55 միլիոն տարի առաջ։ Գետաձիերն աչքի են ընկնում իրենց տակառաձև մարմնաքանդակով, լայն բացվող բերանով, որտեղ երևում են շների ատամնաշար հիշեցնող ժանիքները, գրեթե անմազ մարմնով և սյունաձև ոտքերով։ Սեռահասուն արուները կշռում են միջինում 1,500 կգ, իսկ էգերը՝ 1,300 կգ։ Չնայած իր կոպիտ կերպարանքին և կարճ ոտքերին, գետաձին ունակ է վազել ընդհուպ մինչև 30 կմ/ժ արագությամբ։
Գետաձիերը բնակվում են քաղցրահամ ջրերում՝ գետերում, լճերում և մանգրովյան ճահճուտներում։ Այս կենդանիներն իրենց բնակության արեալներում հանդիպում են խմբերով (ներառյալ՝ 5-30 էգ գետաձիեր և դեռահաս առանձնյակներ), որը գլխավորում է տարածքային արու գետաձին։ Աֆրիկյան տապին դիմակայելու համար գետաձիերը օրվա մեծ մասն անցկացնում են ջրերի կամ ցեխերի մեջ։ Բազմացումն ու ծննդաբերությունը նույնպես տեղի է ունենում ջրում։ Ցամաքում գետաձիերը հայտնվում են մթնշաղին՝ խոտերի վրա արածելու համար։ Գետաձիերն աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից են՝ իրենց ագրեսիվ վարքով և անկանխատեսելի բնույթով պայմանավորված։ Սովորական գետաձիերին սպառնում է պոպուլյացիաների կրճատում, որի գլխավոր պատճառը որսագողությունն է` կենդանու մսի և թանկարժեք փղոսկրի համար։