Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)
մզկիթ / From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Սոֆիայի տաճար (հունարեն՝ Αγία Σοφία, արտասանություն: [aˈʝia soˈfia], «Սուրբ իմաստություն»; լատին․՝ Sancta Sophia կամ Sancta Sapientia; թուրքերեն՝ Ayasofya Camii), նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում, Թուրքիա։ Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց։ Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում[6]. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»[7]։
Սուրբ Սոֆիայի տաճար Ayasofya (թուրքերեն) Αγία Σοφία (հունարեն) Sancta Sophia (լատիներեն) | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր, մզկիթ և թանգարան |
Ճարտարապետ | Իսիդոր Միլետացի և Անթեմիուսը Թրալեսից[1][2] |
Ստեղծում | փետրվարի 23, 532[3] |
Բացում | 1054 |
Երկիր | Թուրքիա[4] |
Քաղաք | Սուլթանահմեդ |
Բնակավայր | Ֆաթիհ և Ստամբուլ |
Շինության ձև |
|
Ոճ | Բյուզանդական ճարտարապետություն[5] և Բազիլիկ[5] |
Պատվիրատու | Հուստինիանոս Ա |
Մասն է | Ստամբուլի պատմական շրջաններ |
Ներկա վիճակ | Վերականգնվել է 2007—2009 թ.թ. |
կայք | |
Hagia Sophia Վիքիպահեստում |
Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունը այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին[8]։
Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը[9]։ Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից (Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ) վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ։ 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը։ Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան[10]։ Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը։
Ներկայիս շինությունը կառուցվել է 532-537 թվականներին որպես եկեղեցի բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ իմաստության երրորդ եկեղեցին։ Տաճարը գտնվել է այն վայրում, որտեղ գտնվող նախորդ եկեղեցին ոչնչացվել էր Նիկայի ապստամբության ժամանակ։ Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթեմիուս Թրալացու կողմից[11]։ Եկեղեցին նվիրված է եղել Աստծո իմաստությանը, աստվածային խոսքին (Լոգոս, Հիսուս Քրիստոսի անուններից, հունարենից թարգմանաբար՝ բառ, խոսք)՝ Սուրբ երրորդության մեջ երկրորդ անձին[12]։ Վերջինիս հովանավոր տոնը տեղի է ունենում դեկտեմբերի 25-ին՝ ի նշան Քրիստոսի մեջ աստվածային խոսքի մարմնավորման ծնունդի հիշատակության[12]։ Չնայած տաճարը երբեմն կոչում են Sancta Sophia (իբրև թե այն կոչվել է ի պատիվ նահատակ Սոֆյայի), սակայն իրականում sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է։ Հունարեն ամբողջական անվանումն է Ναός της Αγίας του Θεού Σοφίας, Naos tēs Hagias tou Theou Sophias, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»[13][14]։ Եկեղեցում եղել են մեծաքանակ մասունքներ, այդ թվում 15 մ բարձրությամբ արծաթե իկոնոստաս։
1453 թվականին Մեհմեդ Նվաճողը գրավել է Կ. Պոլիսը և այն միացրել Օսմանյան կայսրությանը։ Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի։ Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել։ Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել[15][16]: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են։ Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ։ Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի։ Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում։ 2019 թվականի տվյալներով Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայում ամենաշատ այցելված թանգարանն է՝ տարեկան 3,7 միլիոն այցելու[17]։ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության 2015[18] և 2019[19] թվականներին ներկայացրած տվյալների համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի ամենաշատ այցելված զբոսաշրջության վայրն է։
Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը։ Սուրբ Սոֆիայի տաճարի բյուզանդական ճարտարապետությունն օսմանյան մի շարք մզկիթների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել՝ Շեհզադե մզկիթ, Սուլեյմանիե մզկիթ, Ռյուսթեմ փաշա մզկիթ և Քըլըչ Ալի փաշա մզկիթային համալիր։