Սպառողական կոոպերատիվ
From Wikipedia, the free encyclopedia
Սպառողական կոոպերատիվ, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն, կոոպերատիվի ձև, որը սպառողներին միավորում է սպառման ապրանքների համատեղ գնման, մասամբ նաև արտադրության համար՝ հետագայում դրանք իր անդամներին ու բնակչությանը վաճառելու նպատակով։
Սպառողական կոպերացիան առաջացել է 19-րդ դարի վերջին, Մեծ Բրիտանիայում։ ժամանակակից կապիտալիստական բոլոր երկրներում (բացառությամբ ԱՄՆ-ի ու Կանադայի) կոոպերացիայի մյուս ձևերի մեջ սպառողական կոպերացիա գերիշխող դիրք ունի։ Այն կենտրոնացված բաշխման հզոր համակարգ է դարձել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում ու Իսլանդիայում։
Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ)։