Սպիտակի երկրաշարժ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։
Սպիտակի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ԽՍՀՄ |
Տարեթիվ | դեկտեմբերի 7, 1988 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,0 |
Հիպոկենտրոնի խորություն | 10 կմ |
Էպիկենտրոնի տեղագրություն | 40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯOL |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Հայկական ԽՍՀ |
Ցունամի | ոչ |
Տուժածներ | 25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1] |
Զոհվածներ | 38 000 մարդ |
Տնտեսական վնաս | 10 միլիարդ USD |
Spitak earthquake Վիքիպահեստում |
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային անձնակազմի 9 անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]։