Ստեղծագործական գործունեություն
From Wikipedia, the free encyclopedia
Ստեղծագործական գործունեությունը, գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է գործունեության գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։ Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։ Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործականության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործական գործունեությունը բնորոշ է միայն մարդուն։ Ստեղծագործական գործունեությունը մարդու աշխատանքի պրոցեսում առաջացած ընդունակությունն է՝ իրականությունից ստեղծված նյութից ստեղծելու (օբյեկտիվ աշխարհի օրինաչափությունների ճանաչողության հիման վրա) նոր իրողություն, որը բավարարում է բազմազան հասարակական պահանջմունքների։
Անկախ այն հանգամանքից, որ ստեղծագործական հոգեբանության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գոյություն չունի դրա մեկ ամբողջական կոնցեպցիա[1]։
Տարբեր հեղինակներ տալիս են ստեղծագործական գործընթացի բազմատեսակ սահմանումներ՝ ընդգծելով դրա տարբեր կողմերը։ Ըստ Ա. Մատեյկոյի ստեղծագործելու էությունը կայանում է առկա փորձի վերափոխման՝ դրա հիման վրա նոր համադրությունների կառուցման մեջ։ Վ. Մ. Բեխտերևը ստեղծագործականությունը սահմանում է որպես որևէ նոր բանի արարում այնպիսի իրավիճակում, երբ խնդիր-գրգռիչը առաջացնում է դոմինանտ, որի շուրջ կենտրոնանում է խնդրի լուծման համար անհրաժեշտ նախկին փորձը։ Դ. Բ. Բոգոյավլենսկայան առաջարկել է ստեղծագործության ըմբռնումը՝ որպես ելք պահանջվածի սահմաններից։ Նա համարում է, որ ստեղծագործական գործընթացը հանդիսանում է խթանում չպահանջող իրավիճակային ակտիվություն, որն արտահայտվում է տրված խնդրի սահամններից դուրս գալու ձգտման մեջ։ Սակայն Մաքսիմովան համարում է, որ ներկայումս ստեղծագործության հասկացությունը համընկել է «ոչ հարմարողական ակտիվության» հասկացության հետ։