Սրտային անբավարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Սրտային անբավարարություն (ՍԱ), հայտնի է նաև որպես կանգային սրտային անբավարարություն, բնորոշվում է մի վիճակով, երբ սիրտն անկարող է իրականացնել օրգանիզմի կարիքներին համապատասխան արյան շրջանառություն[1][2][3]։ ՍԱ-ի նշաններն ու ախտանշանները սովորաբար ներառում են հևոց, արտահայտված հոգնածություն և ոտքերի այտուց[4]։ Հևոցը սովորաբար խորանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ, պառկած դիրքում և կարող է մարդուն արթնացնել գիշերվա ընթացքում[4]։ Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը նույնպես բնորոշ նշան է։ Կրծքավանդակի ցավը, այդ թվում և կրծքային հեղձուկը, սովորաբար չեն առաջանում սրտային անբավարարության պատճառով[5]։
Սրտային անբավարարություն | |
---|---|
Տեսակ | complication? և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | սրտամկանի ինֆարկտ, գերճնշում, առիթմիա, հարբեցողություն, Վարակ և heart damage? |
Հիվանդության ախտանշաններ | հևոց, հոգնածություն, այտուց, Ջրգողություն և anasarka? |
Բուժաքննություն | echocardiography? և Էլեկտրասրտագրություն |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 428.0 |
ՀՄԴ-10 | I50 |
Բուժում | Միզամուղ դեղամիջոցներ |
Heart failure Վիքիպահեստում |
Հաճախ հանդիպող պատճառներից են սրտի իշեմիկ հիվանդությունը, այդ թվում սրտամկանի ինֆարկտը, բարձր զարկերակային ճնշումը, նախասրտերի շողացումը (ֆիբրիլյացիան), սրտի փականային հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, տարբեր ինֆեկցիաները և կարդիոմիոպաթիան[6]։ Սրանք բերում են սրտային անբավարարության՝ փոփոխելով սրտի կառուցվածքը կամ ֆունկցիան։ Սրտային անբավարարության բաժանումը 2 տիպի՝ սրտային անբավարարություն նվազած արտամղման ֆրակցիայով (HFrEF) և սրտային անբավարարություն պահպանված արտամղման ֆրակցիայով (HFpEF), հիմնված է նրա վրա, թե ձախ փորոքի որ ֆուկնցիան է խանգարված՝ կծկման, թե թուլացման։ Հիվանդության ծանրությունը որոշվում է ֆիզիկական ակտիվությունից կախված ախտանշանների արտահայտվածությամբ[7]։ Սրտային անբավարարությունը նույնը չէ, ինչ սրտամկանի ինֆարկտը կամ սրտի կանգը[8][9]։ Սրտային անբավարարության նման ախտանիշներ ունեցող այլ հիվանդություններից են ճարպակալումը, երիկամային անբավարարությունը, լյարդային խնդիրները, սակավարյունությունը կամ վահանաձև գեղձի հիվանդությունները[7]։ Սրտային անբավարարությունը ախտորոշվում է՝ հիմնվելով անամնեզում (իր հիվանդության մասին հիվանդի տված տեղեկություններ) նշված ախտանշանների և էխոսրտագրության (սրտի ուլտրաձայնային հետազոտության) վրա։ Արյան քննությունը, էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) և կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կարող են օգտակար լինել՝ պատճառը որոշելու համար։
Բուժումը հիմնված է հիվանդության ծանրության աստիճանի և պատճառի վրա։ Քրոնիկ կայուն թեթև սրտային անբավարարության դեպքում բուժումը սովորաբար սկսում են կենսակերպի փոփոխություններից՝ ծխելը թողնել[10], ֆիզիկական ակտիվություն[11] և սննդակարգի փոփոխություններ, ինչպես նաև դեղորայք[10]։ Ձախ փորոքային դիսֆունկցիայի պատճառով զարգացած սրտային անբավարարության դեպքում կիրառվում են անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորներ (ԱՓՖի), անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ (ԱԸՊ) կամ վալսարտան/սակուբիտրիլ՝ բետա պաշարիչների հետ միասին[12]։ Ծանր դեպքերում կարելի է օգտագործել ալդոստերոնի անտագոնիստներ կամ հիդրալազին՝ նիտրատների հետ միասին։ Միզամուղները օգտակար են հեղուկի կուտակումը կանխելու և հևոցը մեղմացնելու համար[10]։ Երբեմն, պատճառից կախված, անհրաժեշտ է լինում ներսրտային սարքերի՝ ռիթմավարի կամ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի կարիք[13]։ Փորոքային օժանդակ սարք կամ սրտի փոխպատվաստում ցուցված է այն դեպքերում, երբ մնացած բոլոր մեթոդները եղել են անարդյունավետ[10]։
Սրտային անբավարարությունը տարածված, առողջապահական համակարգի համար ծախսատար և պոտենցիալ մահացու վիճակ է։ 2015 թվականին դրանով տառապում էին շուրջ 40 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ Հասուն մարդկանց մոտ 2%-ն ունի սրտային անբավարարություն[14] և 65-ից բարձր տարիքում այն աճում է մինչև 6-10%[15]։ Այս քանակը դեռ շարունակում է աճել[14]։ Ախտորոշումից հետո առաջին տարվա մեջ մահվան ռիսկը մոտ 35% է, իսկ առաջին տարում ողջ մնացած մարդկանց համար ռիսկը դառնում է 10%-ից քիչ։ Մահացության այս քանակը համեմատելի է քաղցկեղից մահացությանը։ Միացյալ Թագավորությունում անհետաձգելի հոսպիտալացման 5%-ի պատճառը սրտային անբավարարությունն է։