Վաղ միջնադարի հայ գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Վաղ միջնադարի գրականություն, հայոց գրերի գյուտից (405) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ, ստեղծվել ինքնուրույն գործեր։ Սկզբնավորվել է ազգային մատենագրությունը, որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը։
V դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։