Վայոց ձորի մարզ
մարզ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավային վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Զբաղեցնելով է 2,308 կմ² տարածք՝ ըստ մեծության 7-րդն է Հայաստանի մարզերի շարքում։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Շահումյանի շրջանին, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
- Այս հոդվածը Հայաստանի Վայոց ձորի մարզի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վայոց ձոր (այլ կիրառումներ)։
| |||
Ձախից՝ աջ Գնիշիքի կիրճ • Ջերմուկի ջրվեժ • Փառակատար լեռնագագաթ և Արտանիշ լիճ • Նորավանք • Սմբատաբերդ • Բարձրունի լիճ • Ջերմուկի ջրաբանական արգելավայր | |||
Երկիր | Հայաստան | ||
Կարգավիճակ | Մարզ | ||
Մտնում է | հարավային Հայաստան | ||
Ներառում է | նախկին Եղեգնաձորի շրջան, Ազիզբեկովի (Վայքի) շրջան | ||
Վարչկենտրոն | Եղեգնաձոր | ||
Խոշորագույն քաղաք | մարզկենտրոն | ||
Մարզպետ | Կոլյա Միքայելյան | ||
Հիմնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն (2019) | 49,000 (11-րդ տեղ) | ||
Խտություն | 21,74 | ||
Ազգային կազմ | հայեր (ճնշող մեծամասնություն), ռուսներ | ||
Կրոնական կազմ | հայ առաքելական եկեղեցի | ||
Տարածք | 2,308 (7-րդ տեղ) | ||
Հիմնադրված է | ապրիլի 12, 1995 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Վայոց ձոր գավառ, Սյունյաց աշխարհ | ||
Ժամային գոտի | +4 | ||
ISO 3166-2 կոդ | AM.VD | ||
Փոստային ինդեքսներ | 3601–3810 | ||
Վայոց ձորի մարզի պաշտոնական կայք | |||
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2023 թվականի վիճակագրական տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 48 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99% և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հնագույն ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
Վայոց ձորը հայտնի է հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է պատմահայր Մովսես Խորենացու կողմից՝ ի վկայումս վերջինիս դեռևս հնագույն ժամանակներում հայկական պետական կազմավորումներում ընդգրկվածության։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշն աշխարհում։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է տեղակայված նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։