From Wikipedia, the free encyclopedia
«Վարդակակաչների դաշտ Հոլանդիայում» (ֆր.՝ Champs de tulipes en Hollande), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 65,5 × 81,5 սմ։
Այսօր «Վարդակակաչների դաշտ Հոլանդիայում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում[3] (Փարիզ, Ֆրանսիա)։
Կլոդ Մոնեն՝ իմպրեսիոնիզմի հայրը, 1883 թվականին Ժիվերնիում տուն է վարձում, որն ուներ մեծ բակ։ Այստեղ նա տեղափոխվեց երկրորդ կնոջ ու նրանից ունեցած երկու որդու և առաջին կնոջից ունեցած վեց աղջկա հետ[4][5]։ Հրապուրվելով այգեգործությամբ՝ երկար տարիներ նկարիչը գործունեություն ծավալեց այդտեղ՝ լճակներ փորեց, կառուցեց կամուրջներ, աճեցրեց ջրաշուշաններ, ծաղիկներ ցանեց, մասնավորապես՝ վարդեր, հիրիկներ, գեորգենիներ, գլիցինիաներ, վարդակակաչներ[4][5][6]։ 1880-ական թվականների երկրորդ կեսին Մոնեն մի քանի անգամ մեկնեց Ժիվերնիից ստեղծագործական ճամփորդությունների՝ նկարելով նոր նկարներ, որոնք վերջացնում էր Ժիվերնիում[7]։ 1886 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 6-ը նկարիչը ուղևորվեց դեպի Հոլանդիա[8][9][7]։ Համապատասխան հրավերը նկարիչը ստացել էր Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր բարոն Պոլ Անրի Բենժամեն դ’Էստուրնել դը Կոնստանից՝ Հաագայում Ֆրանսիական հյուպատոսարանի քարտուղարից[8][10][7][11]։ Բարոնին դուր էին գալիս նկարչի ստեղծագործությունները, ինչպես նաև նա ընկերություն էր անում Մոնեի կտավների կոլեկցիոներ Շառլ Դեդոնի հետ[12][13][14]։ Թեոդոր Դյուրեին գրած նամակում Կլոդ Մոնեն հայտնում է.
Ես այստեղ եմ եկել մի ազնվայրի հրավերով, ում չէի ճանաչում։ Նա Դեդոնի ընկերն է, իմ կտավների երկրպագուն, որն ուզում էր ինձ ցույց տալ բերքը՝ հսկայական դաշտը ողջ ծաղկունքով. դա հիասքանչ է, սակայն խենթացնում է խեղճ նկարչին՝ դա չափազանց է մեր վատ ներկերի համար[15]։ - Կլոդ Մոնե |
Քլարկի ինստիտուտ | Ֆորդի հավաքածու | Վան Գոգի թանգարան | Մարմոտան Մոնե թանգարան |
Առաջին անգամ Մոնեն Հոլանդիա է ժամանել դեռևս 1871 թվականին և շուրջ երկու տասնյակ կտավ է վրձնել ջրանցքների, սրածայր շենքերի և Զանդամի շուրջ տեղակայված հողմաղացների թեմայով։ 1874 թվականին կենտրոնացել է Ամստերդամի վրա՝ զբաղվելով քաղաքային նկարչությամբ, հիմնականում նկարելով մոխրագույն ամպերը[15][16][7]։ Այս անգամ Մոնեն հիանում էր Հաագայի, Լեյդենի, Հաառլեմի և Սասենհեյմի շրջակայքների վարդակակաչների դաշտերով[17][18][7]։ Սոխուկներն աճում էին կրկնվող շարքերով հսկայական դաշտերում, որոնք անկանոն շերտերով ծաղկում էին, ինչն այդքան էլ չէր հրապուրում նկարչին՝ ի հակադրություն Վինսենթ վան Գոգի, որը 1883 թվականին այդ թեմայով վրձնել էր «Հոլանդիայի ծաղկանոցները» կտավը[19]։
Հոլանդիայում տասնօրյա ճամփորդության ժամանակ Մոնեն նկարել է 5 կտավ. դրանք բոլորն էլ կառուցված են նույն կոմպոզիցիոն սխեմայով և ոգեշնչված իր իսկ վրձնած՝ «Կակաչներ» կտավից[7][11][20][15][17]։ Այդ կտավներն են[7]. «Վարդակակաչների դաշտ Սասենհեյմում» (59,7 × 73 սմ , Սթերլինգ և Ֆրանսին Քլարկի արվեստի ինստիտուտ)[21], «Վարդակակաչների դաշտը Սասենհեյմումе» (60 × 73 սմ , Հենրի II Ֆորդի հավաքածու)[22], «Վարդակակաչների դաշտ Հաագայի մոտակայքում» (66 × 81,5 սմ , Վան Գոգի թանգարան)[23], «Վարդակակաչների դաշտ Հոլանդիայում» (54 × 81 սմ , Մարմոտան Մոնե թանգարան)[24][25], և, վերջապես «Վարդակակաչների դաշտ Հոլանդիայում» (65,5 × 81,5 սմ , Օրսե թանգարան)[3][26]։
«Վարդակակաչների դաշտ Հոլանդիայում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է յուղաներկով՝ կտավի վրա։ Կտավի չափերն են՝ 65,5 × 81,5 սմ [3]: Ներքևի ձախ անկյունում նկարչի ստորագրությունն է զետեղված՝ «Claude Monet, 86»[26]:
Նկարի մեծ մասը զբաղեցնում է երկնագույն երկինքը՝ դալուկ սպիտակ ամպերով։ Ներքում հոլանդական անհուն հարթավայրային բնապատկերն է՝ արևի լույսով պատված։ Կտավի կենտրոնում հորիզոնի գիծն ընդհատում է ֆերման, որի մասն է կազմում հողմաղացը՝ պտտվող թևերով. դրա հարևանությամբ պատկերված է հոլանդական ավանդական տուն՝ մոխրագույն-շագանակագույն երանգի։ Կտավի ներքևի ողջ հատվածը զբաղեցնում են ծիրանագույն, կարմիր և դեղին վարդակակաչները, որոնք ասես ծածանվում են քամուց[7][11][15][17]։
Կլոդ Մոնեի «Վարդակակաչների դաշտ Հոլանդիայում» ստեղծագործությունն առաջին անգամ ցուցադրվել է 1886 թվականին Փարիզում անցկացվող միջազգային ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Ժորժ Պետին[27][3][26][28]։ Այս նկարը առաջիններից, որոնք տեսել է Վան Գոգը[15][23]։ Հենց այդ ցուցահանդեսից կտավը 2500 ֆրանկով գնում է Վինարետա Զինգերը[3][26][29][30]։ Նկարը սեփականատիրոջ մոտ է մնում մինչև 1944 թվականը, հետո, որպես ժառանգություն, այն նվիրվում է Լուվրին։ 1947 թվականից այն ցուցադրվել է Ժե դը Պո պատկերասրահում[3]։ 1986 թվականին «Վարդակակաչների դաշտը Հոլանդիայում» ստեղծագործությունը փոխանցվում է Օրսե թանգարանին, որտեղ էլ գտնվում ցայժմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.