Վարձու ստրկություն
From Wikipedia, the free encyclopedia
Վարձու կամ աշխատավարձի ստրկություն (անգլ.՝ Wage slavery), մի իրավիճակ, որը բնորոշ է կապիտալիզմին, երբ աշխատողը տեսականորեն (de jure՝ դե յուրե) ազատ է և աշխատում է իր կամքով, բայց գործնականում (de facto՝ դե ֆակտո) ստիպված է առևտուր անել սեփական աշխատուժով, տեղափոխվել կամավոր ստրկության դիրք՝ հաճախ ենթարկվելով գործատուի պայմաններին՝ գոյատևելու համար, քանի որ մարդու ողջ ապրուստը կախված է միայն աշխատավարձից[2][3][4]։
Բացասական նշանակություն ունեցող այս տերմին օգտագործվում է մարքսիստական գաղափարախոսության որոշ կողմնակիցների կողմից՝ համեմատություն անելու հին ստրկության և վարձու աշխատողի դիրքի միջև, ընդգծելու ստրկության և աշխատանքի նմանությունները և պնդելու, որ ընտրության ազատությունը կապիտալիստական համակարգում պատրանքային է։ Նոամ Չոմսկին պնդում է, որ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում դեմոկրատական տարրը լավագույն դեպքում տարածվում է միայն քաղաքական համակարգի վրա։ Տնտեսական համակարգը, նրա կարծիքով, դեռևս հիմնված է պետության թելադրանքների վրա, որտեղ անհատների մեծամասնությունը երկրորդական դեր է խաղում որպես արտադրության միջոց[5]։
Կապիտալիստական համակարգի քննադատների տեսանկյունից, վարձու ստրկությունը մարդուն դարձնում է ապրանքի հատուկ ձև աշխատաշուկայում, զրկում է նրան լիարժեք զարգացման համար անհրաժեշտ ազատ ժամանակից և բացասաբար է անդրադառնում առողջության վրա (տես նաև՝ Կարոշի)։
Ստրկության և վարձու աշխատանքի նմանությունը Հին Հռոմում նկատել է Ցիցերոնը[6]։ Միջնադարյան Ռուսաստանում լայն տարածում գտած վարձու խոլոպության պրակտիկան խոսում է ստրկության և ազատ ընտրության երկար պատմական համակեցության մասին[7]։ Մինչ ԱՄՆ-ում Հյուսիսի և Հարավի միջև պատերազմը, հարավային նահանգներից ստրկության կողմնակիցները համեմատում էին իրենց ստրուկների կենսապայմանները այն պայմանների հետ, որոնցում վարձու աշխատողները պետք է ապրեին և աշխատեին հյուսիսային նահանգներում[7][8]։
Արդյունաբերական հեղափոխության գալուստով Մարքսը, Պրուդոնը և այլ մտածողներ համեմատեցին նաև վարձու աշխատանքը և ստրկությունը՝ քննադատելով արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը[9][10]։