Վարպետը և Մարգարիտան
From Wikipedia, the free encyclopedia
«Վարպետը և Մարգարիտան» (ռուս.՝ «Мастер и Маргарита»), ռուս գրող Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպը, որի վրա նա աշխատել է 1928 թվականի դեկտեմբերից ընդհուպ մինչև իր մահը 1940 թվականին։ Դա փիլիսոփայական ինքնատիպ երկ է, որում բարձրացված են չարի և բարու, կեղծ ու ճշմարիտ բարոյականության հարցերը[1]։ Վեպը դասվում է անավարտ ստեղծագործությունների թվին. դրա խմբագրումն ու սևագրերի համախմբումը կատարել է գրողի այրին՝ Ելենա Սերգեևնան ամուսնու մահվանից հետո։ Վեպի առաջին տարբերակը, որը վերնագրված էր «Ինժեների սմբակը» (ռուս.՝ «Копыто инженера»), «Սև մոգը» (ռուս.՝ «Чёрный маг») և այլն, Բուլգակովը ոչնչացրել է 1930 թվականին։ Հետագա խմբագրություններում ստեղծագործության հերոսների թվում հայտնվել են Պոնտացի Պիղատոսի մասին վեպի հեղինակն ու նրա սիրեցյալը։ Վերջնական անվանումը՝ «Վարպետն ու Մարգարիտան», ձևակերպվել է 1937 թվականին։
Վարպետը և Մարգարիտան ռուս.՝ Мастер и Маргарита | |
---|---|
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Fantastic Realism? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Իվան Անտուն, Միխայիլ Բերլիոզ, Վոլանդ, Կորովյեվ, Բեգեմոտ, Ազազելլո, Հելլա, Մարգարիտա, Յեշուա Հա-Նոցրի, Բարոն Մայգել, Պիղատոս Պոնտացի, Մատթեոս առաքյալ, Կայափա, Հուդա Իսկարիովտացի և Իվան Սավելյևիչ Վարենուխա |
Ստեղծման տարեթիվ | 1928 |
Նկարագրում է | Ալեքսանդրի այգի, Վատ բնակարան, Հայրապետական լճակներ, ՄԱՍՍՈԼԻՏ, Վարյետե թատրոն, Հրեաստան, Ակվարիում այգի, Յալթա, Ճնճղուկի լեռներ և ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակման տարեթիվ | 1967 |
Հրատարակում հայերեն | 1985 թվական |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Վարպետը և Մարգարիտան |
The Master and Margarita Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարպետը և Մարգարիտան (այլ կիրառումներ)
Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ) այն հրատարակվել է կրճատված տարբերակով («Մոսկվա» հանդես, նախաբանը՝ Կոնստանտին Սիմոնովի, վերջաբանը՝ Աբրամ Վուլիսի)։ Ռուսերենով գրքի առաջին ամբողջական հրատարակությունը լույս է տեսել 1967 թվականին («YMCA-Press» հրատարակչություն, Փարիզ)։ Խորհրդային Միությունում վեպն առանց կրճատումների առաջին անգամ լույս է տեսել 1973 թվականին («Художественная литература» հրատարակչություն, 30 000 տպաքանակով)։ Ստեղծագործությունը բազմիցս բեմադրվել (առաջին անգամ բեմադրվել է մոսկովյան «Տագանկա» թատրոնում) և էկրանավորվել (Հարավսլավիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան) է։
Վեպը հայերեն թարգմանել է Արմեն Հովհաննիսյանը՝ հրատարակվելով 1985 թվականին[2]։