Վիտիլիգո
From Wikipedia, the free encyclopedia
Վիտիլիգո, երկար ընթացք ունեցող հիվանդություն, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են[1]։ Մաշկի ախտահարված հատվածները ստանում են սպիտակավուն երանգ և սովորաբար ունեն կտրուկ արտահայտված եզրեր[1]։ Մաշկի մազածածկույթը նույնպես կարող է սպիտակավուն երանգ ստանալ[1]։ Բերանի և քթի լորձաթաղանթները նույնպես կարող են ախտահարվել[2]։ Սովորաբար մարմնի երկու կողմերն էլ ախտահարվում են[1]։ Հաճախ բծերը հայտվում են մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը[2]։ Այն ավելի նկատելի է թուխ մաշկով մարդկանց մոտ[2]։ Վիտիլիգոն կարող է հանգեցնել հոգեբանական ընկճվածության, իսկ ախտահարված հատվածները կարող են բերել ստիգմատիզմի (պիտակավորման)[1]։
Վիտիլիգո | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | depigmentation? |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 709.01 |
Vitiligo Վիքիպահեստում |
Վիտիլիգոյի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ[1]։ Ենթադրվում է, որ այս հարցում մեծ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, իսկ շրջակա միջավայրը հանդիսանում է տրիգեր և արդյունքում զարգանում է աուտոիմունային հիվանդություն[1][2]։ Այն բերում է մաշկի պիգմենտային բջիջների ոչնչացմանը[2]։ Ռիսկի գործոններին են պատկանում վիտիլիգոյի կամ այլ աուտոիմունային հիվանդությունների՝ օրինակ հիպերթիրեոզի, մազաթափության և պերնիցիոզ սակավարյունության, ընտանեկան անամնեզը[2]։ Այն վարակիչ հիվանդություն չէ[3]։ Վիտիլիգոն բաժանվում է 2 հիմնական տիպերի՝ սեգմենտային և ոչ սեգմենտային[1]։ Ավելի հաճախ հանդիպում է ոչ սեգմենտային տեսակը, այսինքն մարմնի երկու կողմերն էլ ախտահարվում են, և այդ դեպքերում մաշկի ախտահարված հատվածը սովորաբար ժամանակի ընթացքում ընդլայնվում է[1]։ Մոտ 10 % դեպքերում հանդիպում է սեգմենտային ձևը, այսինքն դրանք հիմնականում ախտահարում են մարմնի մի կողմը, և այդ դեպքում մաշկի ախտահարված հատվածը սովորաբար ժամանակի ընթացքում չի ընդլայնվում[1]։ Ախտորոշումը կարող է հաստատվել հյուսվածքի բիոպսիայով[2]։
Վիտիլիգոյի բուժման համար հայտնի դեղեր գոյություն չունեն[1]։ Բաց մաշկի երանգ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում արևապաշտպանիչ և կոսմետիկ միջոցներ կիրառել[1]։ Բուժման այլ մեթոդներից կարելի է նշել ստերոիդային քսուկները կամ ֆոտոթերապիան՝ բաց բծերի մգացման համար[2]։ Որպես այլընտրանքային բուժում կարող են փորձեր ձեռնարկվել չախտահարված մաշկի գունազրկման համար, օրինակ՝ հիդրոքինոնով[2]։ Կարող են կիրառվել նաև վիրահատական միջամտություններ այն դեպքում, երբ այլ մեթոդները արդյունավետ չեն[2]։ Բուժման մեթոդների զուգակցումը միշտ դրական արդյունքների է բերում[4]։ էմոցիոնալ աջակցությունը ևս խիստ կարևոր է այս անձանց համար[1]։
Ամբողջ աշխարհում մարդկանց 1% ը տառապում է վիտիլիգոյով[4]։ Որոշ պոպուլյացիաներում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 2-3%[5]։ Տղամարդկանց և կանանց մոտ հիվանդության զարգացման հաճախականությունը նույնն է[1]։ Մոտավորապես պացիենտների կեսի մոտ հիվանդությունը սկսվում է մինչև 20 տարեկանը և զարգանում է մինչև 40 տարեկանը[1]։ Վիտիլիգոն նկարագրված է եղել դեռ հնադարյան պատմությունում[1]։