Տենդ
From Wikipedia, the free encyclopedia
Տենդ, մարդու և բարձրակարգ տաքարյուն կենդանիների օրգանիզմի ընդհանուր ռեակցիան հիվանդածին ազդեցությունների (վարակ, տրավմա) նկատմամբ, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, նյութափոխանակության, արյան շրջանառության փոփոխությամբ և այլն։ Նախկինում տենդ են համարել ջերմությամբ ուղեկցվող բազմաթիվ հիվանդություններ, այժմ այն դիտվում է որպես մի շարք հիվանդությունների (հիմնականում վարակիչ) բնորոշ ախտանշան։ Միևնույն ժամանակ, հիվանդաբանական մի շարք միավորներում օգտագործվում է տենդ բառը, օրինակ՝ ժայռապատ լեռների բծավոր տենդ, պապատաչիի տենդ, էբոլայի տենդ և այլն։ Տենդի զարգացման անմիջական պատճառը ջերմածին նյութերն են, որոնք կարող են օրգանիզմ թափանցել արտաքին միջավայրից՝ մանրէների, վիրուսների միջոցով, կամ առաջանալ օրգանիզմի հյուսվածքների բջիջներում՝ դրանց ախտահարման հետևանքով։ Օրգանիզմում ջերմածին նյութերի աղբյուր են հատկապես արյան նեյտրոֆիլ լեյկոցիտները, մոնոցիտները, շարժուն և անշարժ մակրոֆագ բջիջները։ Նախկինում բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացմամբ, անվանում էին «տենդ», սակայն ժամանակակից գիտական հասկացություններում, տենդը հիվանդություն չի համարվում։