Տիեզերական ժողովներ
From Wikipedia, the free encyclopedia
Տիեզերական ժողովներ (հունարեն՝ Σύνοδοι Οικουμενικαί, լատին․՝ Oecumenicum Concilium), քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության ընդհանրական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում և որոշումներ են ընդունվում դավանաբանական և եկեղեցական կյանքի այլ բնագավառներին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Տիեզերական ժողովները նվիրված են եղել դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին[1]։ Տիեզերական ժողովների որոշումները պարտադիր են կատարման դրանց հեղինակությունն ընդունող բոլոր եկեղեցիների համար։
Տեղական եկեղեցական ժողովներ անցկացվել են քրիստոնեության սկզբնավորման առաջին դարերից սկսած։ Մ.թ. III դարում նահանգի եպիսկոպոսների ժողովները արդեն լայն տարածում են ստանում՝ ընկալվելով որպես եկեղեցուն առնչվող խնդիրների լուծման սովորական միջոց։ Տիեզերական ժողովներ գումարելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը 313 թվականի Միլանի հրովարտակով դադարեցրեց քրիստոնյաների հալածանքները և թույլատրեց քրիստոնեություն բացահայտ դավանումը։ Տիեզերական հռչակված և ճանաչված առաջին եկեղեցական ժողովը գումարվեց 325 թվականին Նիկիա քաղաքում՝ նույն կայսեր նախաձեռնությամբ։ Հետագայում էլ Տիեզերական ժողովները հաճախ գումարվում էին բյուզանդական կայսրերի հրավերով։