From Wikipedia, the free encyclopedia
Տրևոր Բերբիկ (անգլ.՝ Trevor Berbick; օգոստոսի 1, 1954, Պորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա - հոկտեմբերի 28, 2006[1], Պորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա), ճամայական ծագում ունեցող կանադացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը հանդես է եկել ծանրքաշային կարգում։ Պանամերիկյան խաղերի բրոնզե մեդալակիր (1975)։ 1976 թվականի Մոնրեալի Օլիմպիական խաղերում հանդես է եկել Ճամայկայի թիմի կազմում։
Տրևոր Բերբիկ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Տրևոր Բերբիկ անգլ.՝ Trevor Berbick |
Քաղաքացիություն | Կանադա և Ճամայկա |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 1, 1954 |
Ծննդավայր | Պորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 2006 |
Մահվան վայր | Նորվիչ, Ճամայկա |
Քաշային կարգ | Ծանր (90,892 կգ-ից բարձր) |
Հասակ | 188 սմ |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 2000 թվական մայիսի 26 |
Մարտերի թիվ | 61 |
Հաղթանակ նոկաուտով | 33 |
Ոչ ոքի | 1 |
Ծանրքաշային կարգում WBC (1986) վարկածով աշխարհի չեմպիոն։ USBA վարկածով ԱՄՆ-ի չեմպիոն (1985)։ Ծանրքաշային կարգում Կանադայի կրկնակի չեմպիոն (1979-1984, 1999-2000)։ Ծանրքաշային կարգում Բրիտանիայի և Ազգերի համագործակցության չեմպիոն (1981-1984)։
Ճամայկայի պատմության մեջ առաջին և Կանադայի պատմության մեջ երկրորդ քաղաքացին (Թոմի Բյորնսից հետո), որին հաջողվել է ծանրքաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն։
Ծնվել է 1955 թվականի օգոստոսի 1-ին (չնայած ծննդյան տարեթիվը հաճախ նշվում է 1954 թվականը) Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում։ 16 տարեկանում նա պնդում էր, որ տեսել է Աստծուն։
Տրևորը բռնցքամարտով սկսել է զբաղվել 19 տարեկանից։ 21 տարեկանում Բերբիկը Ճամայկան է ներկայացրել 1976 թվականի Մոնրեալի Ամառային օլիմպիական խաղերում։ Դրանից առաջ սիրողական բռնցքամարտում ունեցել էր ընդամենը 11 մարտ։ Փորձի պակասը ակնհայտորեն տեսանելի է եղել։ Միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Ռումինիայի ներկայացուցիչ Շիմոն Միրչան։ Վերջինս նվաճել է արծաթե մեդալ։ 1975 թվականին Բերբիկը մասնակցել է Պանամերիկյան խաղերին։ Կիսաեզրափակչում դատավորների որոշմամբ հաղթող է ճանաչվել Մայքլ Դոկուսը և Բերբիկը ստացել է բրոնզե մեդալ։
Պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջնաելույթը եղել է 1976 թվականի սեպտեմբերին։
Հաղթել է առաջին 11 մատերը, որոնցից 10-ը՝ նոկաուտով։
1979 թվականի ապրիլին ծանրքաշային կարգում WBC վարկածով Ամերիկայի մայրցամաքային չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար հանդիպել է Բերնարդո Մերկադոյին։ Սիրողական բռնցքամարտում Բերբիկը հաղթել է Մերկադոյին։ Սակայն պրոֆեսիոնալ ռինգում նոկաուտի է ենթարկվել հենց առաջին ռաունդում՝ ծանր հարված ստանալով ռաունդի ավարտից 10 վայրկյան առաջ։
1979 թվականի մայիսին Բերբիկը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Գրաֆ Մակլիին և ծանրքաշային կարգում դարձել Կանադայի չեմպիոն։
1980 թվականին հանդիպել է Ջեն Տեյտին։ Բերբիկը 7-րդ ռաունդում հարվածել է հակառակորդի գլխի հետևի հատվածին։ Տեյտը կորցրել է գիտակցությունը։ Այդ հաղթանակը Բերբիկին հնարավորություն է տվել Լարի Հոլմսի հետ մասնակցել տիտղոսային մարտի։
1981 թվականի ապրիլին Բերբիկը հանդիպել է ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Լարի Հոլմսին։ Բերբիկը լուրջ դիմադրություն է ցույց տվել։ Սակայն դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Հոլմսը։
1981 թվականի հուլիսին հանդիպել է Կոնրոյ Նիլսոնի հետ։ Նրանք պայքարել են ծանրքաշային կարգում Կանադայի, Բրիտանիայի, Ազգերի համագործակցության չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ Բերբիկը հակառակորդին նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։
1981 թվականի դեկտեմբերին Բեբիկ հանդիպել է 39-ամյա Մուհամմեդ Ալիի հետ։ Ալին զարմանքով հայտարարել է, որ առաջատար բռնցքամարտիկներից ոչ մեկը չի ցանկանում պայքարել իր դեմ, ինչպես նաև այն մասին, որ պետությունների մեծ մասի մարզական հանձնաժողովները չեն պատրաստվում նրան տրամադրել արտոնագիր։ Չնայած բոլոր դժվարություններին, Ալիին հաջողվել է թույլտվություն ստանալ հանդիպել կանադացի ծանրքաշային կարգի բռնցքքամարտիկ Տրևոր Բերբիկի հետ։ 5-րդ ռաունդում Ալին մարտը իր ձեռքն է վերցրել։ Սակայն 12 ռաունդ տևած մարտում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Բերբիկը։ Դրանից հետո Ալին հայտարարել է կարիերան թողնելու իր որոշման մասին և այլևս դուրս չի եկել պրոֆեսիոնալ ռինգ։
1982 թվականի հունիսին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Գրեգ Փեյջին։
1985 թվականի հունիսին հանդիպել է Դեյվիդ Բեյի հետ։ Բերբիկը հակառակորդին տեխնիկական նոկաուտի է ենթարկել 11-րդ ռաունդում և դարձել USBA վարկածով ԱՄՆ-ի չեմպիոն։
1985 թվականի օգոստոսին Տրևոր Բերբիկը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Միտչ Գրինին։
1986 թվականին Տրևոր Բերբիկը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Պինկլոն Թոմասին։
1986 թվականի նոյեմբերին Տրևոր Բերբիկ ռինգ է դուրս եկել Մայք Թայսոնի դեմ։ 2-րդ ռաունդում Թայսոնը աջ ապերկոտ հարված է հասցրել մրցակցի ծնոտին, որից հետո ձախ հուկ՝ Բերբիկի գլխին։ Վերջինս փորձել է ոտքի վրա մնալ, բայց մի քանի վայրկյան հետո հայտնվել է ռինգի հատակին։ Բերբիկը մի քանի անգամ փորձել է կանգնել, բայց ամեն անգամ կորցրել է հավասարակշռությունը։ Մրցադատավորը դադարեցրել է մարտը։
1987 թվականի հոկտեմբերին տեխնիկական նոկաուտով հաղթել է Լորենցո Բոյդային։
1989 թվականի փետրվարին պարտվել է Ջեյմս Բաստեր Դագլասին։
1990 թվականի հուլիսին 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ջեֆ Սիմսին։
1994 թվականի մարտին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Դենի Վոֆորդին։
1994 թվականի հուլիսին 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Պոլ Ֆիլպսին։
1994 թվականի սեպտեմբերին հաղթել է Մելվին Ֆոստերին։
1995 թվականին WBC վարկածով Ամերիկայի մայրցամաքային չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցած մարտում պարտվել է Ջիմի Տայդերին։
1995 թվականի օգոստոսին 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Բրյուս Ջոնսոնին:.
1996 թվականի ապրիլին 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթրակել Կեն Սմիթին։
1996 թվականի սեպտեմբերին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Լուիս Մոնակոյին։
1996 թվականի հոկտեմբերին Բերբիկը հանդիպել է ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի հետ։ Առաջին ռաունդի սկզբում Ռահմանը երկար աջ հուկ հարված է հասցրել մրցակցի գլխին։ Բերբիկը տատանվել է։ Ռահմանը նույն հարվածն է հասցրել Բերբիկի ծնոտին։ Կանադացին հայտնվել է ռինգի հատակին և բարձրացել միայն 5 հաշվին։ Ռահմանը միանգամից անցել է հարձակման։ Նա մրցակցին հասցրել է ռինգի ճոպանների մոտ և մի քանի հարվածներ հասցրել նրա գլխին։ Բերբիկը նոկաուտի եզրին է եղել, բայց կարողացել է դուրս գալ այդ իրավիճակից։ Մարտի ավարտին դատավորները մեծ առավելությամբ մարտի հաղթող են ճանաչել Ռահմանին։ Դա եղել է Բերբիկի վերջին մարտը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում[2]։
1997 թվականի սեպտեմբերին IBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի ազատ տիտղոսին արժանանալու համար հանդիպել է Լայլ Մակդաուելին։ Դատավորների որոշմամբ հաղթող է ճանաչվել Լայլը։
1999 թվականի փետրվարին 12-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Սատկլիֆ Շեյնին և արժանացել Կանադայի չեմպիոնի տիտղոսին։
1999 թվականի հունիսին Բերբիկը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Այրեն Բարկլիին։
1999 թվականի օգոստոսին պարտություն է կրել Թոնի Լարոսից։
2000 թվականի մայիսին երկրորդ անգամ է հանդիպել Սատկլիֆ Շեյնին։ Բերբիկը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։
Դրանից հետո համակարգչային շերտագրություն անցնելիս պարզվել է, որ նրա ուղեղում արյան մակարդուկ կա։ Այդ պատճառով նրան զրկել են բռնցքամարտի լիցենզիայից։
Բերբիկը իր կյանքի ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է։ Նա Ֆլորսիդայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման իր երեխաների դայակին սեռական ոտնձգության ենթարկելու համար։ Նա բանտում մնացել է 15 ամիս։ 1997 թվականին խախտել է վաղաժամկետ ազատազրկման պայմանները և արտաքսվել ԱՄՆ-ից։
Բերբիկը լարված հարաբերություններ ունի Լարի Հոլմսի հետ։ Նրանց թշնամությունը ավարտվել է հասարակական ծեծկռտուքով, որը նկարահանվել է։ Հոլմսը բարձրացել է մեքենայի վրա և ցատկել Բերբիկի վրա, երբ ոստիկանները ուղեկցում էին վերջինիս[3]։
2006 թվականի հոկտեմբերի 28-ին Տրևոր Բերբիկին սպանված են գտել[4]։ Սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է երկու տղմարդու, որոնցից մեկը եղել է նրա ազգականներից մեկը՝ Հարոլդ Բերբիկը[5], իսկ մյուսը Քերտոն Գորդոնը։ Նրանք պողպատե խողովակով մի քանի հարվածներ են հասցրել Բերբիկի գլխին, որի արդյունքում էլ նա մահացել է[6]։ Դատը եղել է 2008 թվականի հունվարի 11-ին[7]։ Այդ հանցագործության համար Հարոլդը դատապարտվել է ցմահ, իսկ նրա հանցակիցը՝ 14 տարվա ազատազրկման[8]։
Մայք Թայսոնի հետ մարտից հետո Բերբիկը այլևս նոկաուտի չի ենթարկվել։
Տրևոր Բերբիկը և Լարի Հոլմսը համարվում են միակ բռնցքամարտիկները, ովքեր հանդիպել են Մայք Թայսոնի և Մուհամմեդ Ալիի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.