From Wikipedia, the free encyclopedia
Փախստականներն Ադրբեջանում, Ադրբեջանում բնակվում են մեծ թվով ներքին տեղահանման ենթարկված անձինք և փախստականներ, որոնք տեղահանվել են հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում։ Առաջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում հանգեցրեց 750 000 ադրբեջանցիների տեղաշարժին, որոնցից 600 000-ը Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից էին, իսկ 150 000-ը՝ Հայաստանից[1]։
Ըստ 1979 թվականի մարդահամարի՝ Հայաստամում բնակվող ադրբեջանցիների թիվը կազմել է 160 841 մարդ և կազմել են Հայաստանի բնակչության 5,3 տոկոսը[2]։ 1987 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրել են այն բանին, որ ադրբեջանցիներին հաճախ հետապնդել և ստիպել են լքել Հայաստանը[3]։ 1988 թվականի հունվարի 25-ին Հայաստանից ադրբեջանցի փախստականների առաջին ալիքը հաստատվել է Սումգայիթ քաղաքում[3][4]։ Եվս մեկ խոշոր ալիք տեղի է ունեցել 1988 թվականի նոյեմբերին[4], երբ ադրբեջանցիները կամ վտարվեցին ազգայնականների ու տեղական կամ պետական իշխանությունների կողմից[5], կամ փախան՝ վախենալով իրենց կյանքի համար[6]։ Բռնությունը տեղի է ունեցել էթնիկ հակամարտությունների արդյունքում։ 1988 թվականի նոյեմբերին[7], ըստ հայկական աղբյուրների, սպանվել է 25 ադրբեջանցի (նրանցից 20-ը Գուգարք գյուղում)[8], իսկ ըստ ադրբեջանական աղբյուրների՝ 217 մարդ[9]։
Այսպիսով, 1988-91 թվականներին մնացած ադրբեջանցիները ստիպված են եղել փախչել հիմնականում Ադրբեջան[5][10][11]։ 1989 թվականի մարդահամարից ի վեր անհնար է որոշել Հայաստանում ադրբեջանցիների բնակչության ճշգրիտ թիվը հակամարտության սրման պահին, քանի որ արդեն սկվել էր Հայաստանից ադրբեջանցիների արտագաղթը։ Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ) գնահատականների՝ այդ թիվը կազմում է 200 000 մարդ[6]։
Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 1994 թվականին՝ հրադադարի հաստատման ժամանակ, Հայաստանից փախստականների թիվը կազմել է մոտ 250 000 ադրբեջանցի[12]։ Համաձայն քաղաքացիության մասին օրենքի՝ նրանք բոլորն ունեին Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու իրավունք։ Ըստ ՄԱՓԳՀ-ի գնահատականների՝ մինչև 2001 թվականի վերջը նրանց մեծ մասը, ինչպես ենթադրվում է, նատուրալիզացվել է կամ գտնվել է հպատակագրման գործընթացում[13]։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ մարզը կազմող տարածքները և հարակից յոթ շրջանները (դրանցից մի քանիսը մասնակի) ազատագրվել են հայկական զորքերի կողմից։ Արդյունքում մնացած ժողովուրդները՝ ադրբեջանցիներ, քրդեր, ստիպված են եղել լքել իրենց տները։ Ներկայումս Ադրբեջանում բնակվում է բնակչության մեկ շնչի հաշվով ներքին տեղահանվածների ամենաբարձր թիվը աշխարհում[14]։ Հարկադրաբար վերաբնակվողները ներկայացված են Ադրբեջանի բոլոր 76 վարչական շրջաններում։ Սկզբում նրանց մեծ մասը ապրում էին վրանային ճամբարներում և հասարակական շենքերում, ինչպիսիք են դպրոցները և հանրակացարանները։ 2001 թվականից կառավարությունն ակտիվացրել է իր ջանքերը ներքին տեղահանվածների խնդիրների լուծման ուղղությամբ։ 2002 թվականին սկսվել է նոր բնակավայրերի շինարարությունը, իսկ 2007 թվականի վերջին բոլոր վրանային ճամբարները վերացվել են[12]։
Ադրբեջանի կառավարությունը միջազգային հանրության օգնությամբ ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո բռնազավթված շրջաններ հարկադրաբար վերաբնակվածների վերադարձի շրջանակային ծրագրի մշակմանը («Մեծ վերադարձ» ծրագիր)[12]։
1944 թվականին մեսխեթցի թուրքերը Ստալինի հրամանով Վրաստանից զանգվածաբար արտաքսվել են Միջին Ասիա։ Այն շրջաններից մեկը, որտեղ նրանք բնակություն են հաստատել, եղել է Ուզբեկստանում գտնվող Ֆերգանի հովիտը։ 1989 թվականին այնտեղ տեղի է ունեցել միջէթնիկական բռնություն, որի արդյունքում մեսխեթցի թուրքերը տարհանվել են Ուզբեկստանից․ նրանց մի մասը հաստատվել է Ադրբեջանում։ Ադրբեջանում փախստականների այդ խումբը մոտ 50 000 մարդ էր կազմում։ Համաձայն քաղաքացիության օրենքի՝ նրանք բոլորն ունեին քաղաքացիություն ստանալու իրավունք։ Ըստ ՄԱՓԳՀ-ի գնահատականների՝ մինչև 2001 թվականի վերջը նրանց մեծ մասը, ինչպես ենթադրվում էր, նատուրալիզացվել է։
Ադրբեջանի փախստականների և հարկադրաբար վերաբնակվածների հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝ 2009 թվականի մարտին Ադրբեջանում կար 603 251 փախստական։ Նրանց մեծ մասը բնակվում էր Բաքվում և նրա շրջակայքում, ինչպես նաև Սումգայիթում ։ Զգալի թվով փախստականներ են բնակվում նաև Ֆիզուլի-Աղդամ–Աղջաբադի–Բարդա–Մինգեչաուր–Գյանջա կենտրոնական–հարավային երթուղու, Շամախի–Իսմայիլի–Գաբալա–Շաքի հյուսիսային երթուղու և Սաբիրաբադ–Սաաթլի–Իմիշլի–Բեյլագան հարավային երթուղու երկայնքով[12]։
Չնայած փախստականների և տեղացի բնակչության միջև հարաբերությունները ընդհանուր առմամբ բարեկամական են, և տեղի բնակչության շրջանում առկա է հանդուրժողականության բարձր մակարդակ, լինում են կոնֆլիկտների դեպքեր, որոնք առաջանում են փախստականների հատուկ կարգավիճակի պատճառով (օրինակ՝ արտոնյալ հասանելիություն զբաղվածության, պետական ֆինանսական օգնություն, անվճար բժշկական ծառայություններ և սեփականության տիրապետման արտոնություններ)[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.