Փեսախ (հրեական զատիկ)
հրեական զատիկ / From Wikipedia, the free encyclopedia
Փեսախ (սուրբգրյան` Պասեք) (եբրայերեն` פֶּסַח[1], ասորերեն` փիսխա – ܦܸܨܚܵܐ), աստվածաշնչյան կարևոր հրեական տոներից մեկն է։ Հրեա ժողովուրդը փեսախը տոնում է Եգիպտոսից Աստծո օգնությամբ իր ազատագրման համար և Մովսեսի ղեկավարությամբ իրենց ազգի ազատագրման հիշատակին։ Փեսախով հիշատակում են Հին Ուխտի Ելից գրքում նկարագրված պատմությունը, որտեղ իսրայելցիներն ազատվեցին Եգիպտոսում իրենց գերությունից։ Ըստ աստվածաշնչյան ժամանակագրության` այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. 1300 թվականին (ըստ հրեական օրացույցի` 2450 թվականին)[2]։
Փեսախը գարնանային տոն է և Երուսաղեմի տաճարի գոյության ժամանակ այն կապում էին գարիի նվիրաբերության տոնի հետ, քանի որ գարին Իսրայել երկրում[3] ցանված առաջին հացահատիկն էր։
Փեսախը տոնում են Հրեական Նիսան ամսվա 15-ին, մթնշաղին։ Այն տևում է յոթ-ութ օր[4][5]։ Պատմականորեն, Շավուոթի կամ Հոգեգալստյան և Սուքքոթի կամ Տաղավարաց տոների հետ մեկտեղ Փեսախը կամ Հրեական զատիկը համարում են երեք ուխտագնացության տոներից մեկը (եբրայերեն` Շալոշ Ռեգալիմ), որի ընթացքում Հուդայի թագավորության ողջ ժողովուրդը ուխտագնացության է մեկնում դեպի Երուսաղեմի տաճար։ Սամարացիները մինչ օրս ուխտագնացության են մեկնում Գերիզիմ լեռ, բայց հանրային երկրպագությանը մասնակցում են միայն տղամարդիկ[6][7]։