Փիլիսոփայություն
From Wikipedia, the free encyclopedia
Փիլիսոփայություն, գիտություն իմացության և կեցության ընդհանուր սկզբունքների և օրինաչափությունների մասին։ Ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։
«Փիլիսոփայություն» (հին հունարեն՝ φιλοσοφία) բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»[2][3]։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, որը գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին (կոսմոգոնիա, տիեզերագիտություն), աստվածների մասին (թեոգոնիա)։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին (գոյաբանություն), ճանաչողության ակունքների և սահմանների մասին (իմացաբանություն), մտածողության ձևերի և մեթոդների մասին (տրամաբանություն), մարդկային հոգու մասին (հոգեբանություն), բարոյականության էության (էթիկա) և գեղեցիկի մասին (էսթետիկա)։ Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների։
Փիլիսոփայության պատմության ընթացքում նրա խնդիրների թվում են եղել երկրի և հասարակության զարգացումը, ճանաչողության և մտածողության գործընթացների, նաև բարոյական արժեքների ուսումնասիրությունը։ Փիլիսոփայական հարցերի թվին են դասվում՝ «Կճանաչե՞նք աշխարհը», «Գոյություն ունի՞ Աստված», «Ի՞նչ է բարին», «Ո՞վ է մարդը», «Ի՞նչն է առաջնային. մատերիա՞ն, թե՞ գիտակցությունը» և այլ հարցեր[4][5]։
Երբեմն փիլիսոփայությունը սահմանում են ավելի նեղ՝ որպես որոշակի ուսումնասիրման առարկա ունեցող գիտություն[5], սակայն այդպիսի մոտեցումն առարկության է արժանանում ժամանակակից փիլիսոփաների շրջանում, որոնք պնդում են, որ փիլիսոփայությունն ավելի շատ իրենից ներկայացնում է աշխարհայացք, գոյություն ունեցող ամեն ինչին ընդհանուր քննադատական մոտեցում, որը կիրառելի է յուրաքանչյուր օբյեկտի ու հայեցակարգի համար[6][7]։ Այդ իմաստով, յուրաքանչյուր մարդ երբեմն զբաղվում է փիլիսոփայությամբ[6]։
Փիլիսոփայությունը, փաստորեն, գոյություն ունի տարբեր փիլիսոփայական ուսմունքների տեսքով, որոնք կարող են հակասել, բայց դրա հետ մեկտեղ՝ լրացնել միմյանց[8]։
Փիլիսոփայությունը ներառում է մի շարք ոլորտներ, սկսած՝ մետաֆիզիկայից, իմացաբանությունից, բարոյագիտությունից, էսթետիկայից, քաղաքական ու գիտության փիլիսոփայությունից մինչև՝ դիզայնի և կինոյի փիլիսոփայություն։
Ճանաչողության այն ոլորտները, որոնց համար ստացվում է մշակել պարզ և աշխատող մեթոդաբանություն, առանձնանում են փիլիսոփայությունից՝ որպես առանձին դիսցիպլիններ, օրինակ՝ ժամանակին փիլիսոփայությունից առանձնացել է ֆիզիկան, կենսաբանությունը, հոգեբանությունը[6][9]։