Քրաուն շատրվան
From Wikipedia, the free encyclopedia
Քրաուն շատրվան (անգլ.՝ Crown Fountain), հանրային արվեստի ինտերակտիվ ստեղծագործություն, որն իրենից ներկայացնում է տեսաքանդակ։ Շատրվանը գտնվում է Չիկագո Լուփ շրջանի Միլենիում զբոսայգում։ Շատրվանի քանդակները նախագծել է իսպանացի նկարիչ Ժաումե Պլենսան, կառուցել է Krueck and Sexton Architects ընկերությունը, բացումը կայացել է 2004 թվականի հուլիսին[1][2]։ Շատրվանը իրենից ներկայացնում է սև գրանիտի վրա ջրից պատրաստված հայելի, որը գտնվում է երկու ապակե աշտարակների միջև։ Աշտարակներն ունեն 15,2 մ[1] բարձրություն, որոնց ներքին կողմերում՝ միմյանց դեմ առ դեմ ներկառուցված են լուսադիոդներ՝ թվային տեսագրությունը ցուցադրելու համար։ Քրոուն շատրվանների կառուցումն ու նախագծումն արժեցել է 17 միլիոն դոլար[3]։ Ջուրը մատակարարվում է մայիսից հոկտեմբեր[4]՝ պարբերաբար հոսելով կասկադով դեպի ներքև երկու աշտարակներով կամ շիթով իջնելով յուրաքանչյուր աշտարակի առջևի ծայրափողակներով։ Քաղաքի բնակիչներն ու քննադատները գովաբանում են շատրվանն իր ինքնատիպության, ճարտարապետական համարձակ լուծումների և ժամանցային հնարավորությունների համար[5][6][7]։ Իսպանացի նկարիչ Ժաումե Պլենսան ընդգծում է դուալիզմի, լույսի և ջրի թեմաները՝ ընդլայնելով նախորդ աշխատանքների տեսատեխնոլոգիայի կիրառումը[8]։ Չիկագոյի բազմաթիվ նմանատիպ կառույցներից նա առանձնացրել է շատրվանը․ այն ոչնչով սահմանափակված չէ, այցելուները կարող են ազատորեն ցոյվել ջրի մեջ։ Քրոուն շատրվանն իր ունիվերսալ դիզայնի շնորհիվ հասանելի է այգու բոլոր այցելուներին[9]։
Քրաուն շատրվան | |
---|---|
Տեսակ | քանդակ և շատրվան |
Քանդակագործ | Ժաումե Պլենսա |
Ստեղծում | 2004 |
Երկիր | ԱՄՆ |
Քաղաք | Միլենիում պարկ |
Բնակավայր | Իլինոյս |
Crown Fountain Վիքիպահեստում |
Շատրվանը Միլենիում զբոսայգու ամենավիճարկելի օբյեկտներից մեկն է։ Շինարարության ավարտից հետո շատրվանի վերևում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք առաջացրել են հասարակության բուռն բողոքը և դրանք շուտափույթ ապամոնտաժելու պահանջը։ Աստիճանաբար շատրվանը թափանցել է Չիկագոյի փոփ մշակույթ և դարձել շատ սիրված օբյեկտ լուսանկարիչների համար, ինչպես նաև հանդիպումների վայր։ Շատրվանը հանրային խաղահրապարակ է, և բնակիչներին ապահովում է զովություն շոգ ամռանը՝ երեխաներին թույլ տալով զվարճանալ ջրի մեջ[10]։