Օկտավիանոս Օգոստոս
From Wikipedia, the free encyclopedia
Օկտավիանոս Օգոստոս[Ն 1] կամ Օգոստոս Օկտավիանոս[11] (պաշտոնական անունը՝ Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս[Ն 2], լատին․՝ Gaius Iulius Caesar Octavianus, ծննդյան ժամանակ տրված անունը՝ Գայոս Օկտավիոս Թուրինոս, Gaius Octavius Thurinus, սեպտեմբերի 23, մ. թ. ա. 63[1][2], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3][4] - օգոստոսի 19, 14[1][5], Նոլա, Հռոմեական կայսրություն[6][7][1]), հին հռոմեական քաղաքական գործիչ, Հռոմեական կայսրության հիմնադիրը։ Տասներեք անգամ զբաղեցրել է կոնսուլի պաշտոնը (մ.թ.ա. 43 թվական, մ.թ.ա. 33 թվական, մ.թ.ա. 31-23 թվականներ անընդմեջ, մ.թ.ա. 5 թվական, մ.թ.ա. 2 թվական), մ.թ.ա. 12 թվականից եղել է մեծ պոնտիֆեքս, մ.թ.ա. 23 թվականից ունեցել է տրիբունի (tribunicia potestas) լիազորություններ, մ.թ.ա. 2 թվականին ստացել է «հայրենիքի հայր» պատվավոր տիտղոսը։
Օկտավիանոս Օգոստոս | |
---|---|
Զինվորական կոչում | Իմպերատոր (Հին Հռոմ) |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 23, մ. թ. ա. 63[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3][4] |
Մահացել է՝ | օգոստոսի 19, 14[1][5] (75 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Նոլա, Հռոմեական կայսրություն[6][7][1] |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Հուլիոս Կլավդիոսներ, Julii Caesares? և Octavii Rufi? |
Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ | |
Հայր | Գայոս Օկտավիոս[8] և Հուլիոս Կեսար |
Մայր | Atia?[9][9] |
Երեխաներ | Julia the Elder?[10][8][9][…], Gaius Caesar?, Lucius Caesar?, Տիբերիոս և Agrippa Postumus? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Օկտավիանոսը Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը։ Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի նկատմամբ մ.թ.ա. 31 թ. Ակտիումի մոտ տարած հաղթանակով վերջ տվեց Կեսարի սպանությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմներին (մ.թ.ա. 43-31 թթ.)։
Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Կեսարի քրոջ թոռն էր։ Մ. թ. ա. 44 թվականին որդեգրվել է վերջինիս կողմից ըստ կտակի և հայտնվել Հռոմեական Հանրապետության քաղաքական կյանքի կենտրոնում՝ ունենալով Կեսարի բազմաթիվ կողմնակիցների աջակցությունը։ Մ.թ.ա. 43 թվականին կեսարական Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Էմիլիանոս Լեպիդոսի հետ ստեղծել է երկրորդ եռապետությունը՝ ընդհանուր թշնամիների դեմ պայքարելու նպատակով։ Մարկոս Բրուտոսին և Սեքստոս Պոմպեոսին հաղթելուց հետո եռապետերի միջև սկսվել է պայքար հանուն իշխանության, որն ավարտվել է Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև ծավալված պատերազմով։
Մ.թ.ա. 27-23 թվականներին Օկտավիանոսն իր ձեռքում է կենտրոնացրել մի շարք սովորական և արտակարգ պաշտոններ, որոնք թույլ էին տալիս նրան կառավարել Հռոմեական հանրապետությունը՝ խուսափելով բաց միապետության հաստատումից։ Նոր կարգի բնութագրման համար կիրառվում է «պրինցիպատ» տերմինը, իսկ Օկտավիանոսը համարվում է առաջին կայսրը՝ այդ բառի ժամանակակից իմաստով։ Իր կառավարման ժամանակաշրջանում Օկտավիանոսը նշանակալիորեն ընդլայնել է Հռոմեական պետության սահմանները՝ դրա մեջ ներառելով մեծ տարածքներ Հռենոսի և Դանուբի ափերին, Իսպանիայում, ինչպես նաև Եգիպտոսը, Հուդեան և Գալաթիան։ Ակտիվ արտաքին քաղաքականություն վարելը հնարավոր է դարձել տնտեսության զարգացման, պրովինցիաների յուրացման և ռազմական բարեփոխման շնորհիվ։ Օկտավիանոսի կառավարումը նշանավորվել է հռոմեական քաղաքականության վրա սենատի ազդեցության կրճատմամբ և կայսեր պաշտամունքի սկզբնավորմամբ (վերջինիս արտահայտման ձևերից է ամիսներից մեկը օգոստոս վերանվանելը)։ Քանի որ կայսրը չուներ որդիներ, իր կառավարման ընթացքում նա դիտարկել է տարբեր հնարավոր ժառանգների։ Ի վերջո, նա իշխանությունը թողել է իր խորթ որդուն՝ Տիբերիոսին, իսկ Օգոստոսի կողմից հիմնադրված Հուլիոս Կլավդիոսների արքայատոհմը կառավարել է Հռոմեական կայսրությունը մինչև 68 թվականը։