Օֆորտ
From Wikipedia, the free encyclopedia
Օֆորտ (ֆր.՝ eau-forte — ազոտական թթու, բորակաթթու), մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ Հայտնի է XVI դ․ սկզբից։ Մետաղյա (ցինկ, պղինձ) թիթեղի («տախտակի») ողորկ մակերեսը պատում են թթվակայուն լաքով և, ըստ ապագա պատկերի գծերի, պողպատյա ասեղով քերծում լաքը։ Ասեղի ծայրը մերկացնում է մետաղի մակերեսը, որը իջեցնելով ազոտական թթվի (պղինձը՝ երկաթի (III) քլորիդի լուծույթի) մեջ՝ գծված մասերը ենթարկում են քայքայման։ Թթվի ներգործության հետևանքով առաջանում են փոսորակներ, խոռոչներ, որոնց մեջ լցված ներկը տպագրության ժամանակ առաջացնում է պատկերը։ Հանելով առաջին փորձնական նմուշը՝ մշակում են պատկերը՝ որոշ գծեր խորացնելով, ավելացնելով, փոփոխելով անհրաժեշտ մանրամասներ։ Այն տեղերը, որոնք պատկերի լուսավոր մասերը պիտի լինեն՝ կրկին պատում են լաքով ու նորից ենթարկում խածատման և, մի քանի անգամից հետո, ստանում տոների ցանկալի աստիճանավորում։
Լայն առումով «օֆորտ» հասկացության մեջ են ներառնում խածատումով փորագրության նաև մյուս տեսակները՝ աքվատինտան, լավիսը, փափուկ լաքը և այլն, որոնք սովորաբար զուգակցվում են շտրիխային օֆորտին։ Այդ բոլոր տեսակները (հատկապես աքվատինտան) կարող են, ինչպես և շտրիխային օֆորտը, կիրառվել գունավոր տպագրության համար։
Օֆորտի տեխնիկան բացի քանակից (մինչև 150 բարձրորակ թերթ-տպածո) նկարչին իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Յուրաքանչյուր վարպետ նկարչի ինքնաստեղծ հնարքները, աքվատինտայի, «չոր ասեղի» և այլ տեխնիկաների բազմազան զուգորդումները, բազմակի խածատումներն ու տպելու այլազան ձևերն օֆորտին հաղորդում են փորագրության մյուս բոլոր տեսակներից առանձնացող յուրահատկություններ։