Ֆաներոզոյի ժամանակաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաներոզոյի ժամանակաշրջանաշրջան, ֆաներոզոյ (հին հունարեն՝ φανερός «հստակ, բացահայտ, տեանելի» և ζωή «կյանք»), երկրաբանական ժամանակաշրջան, որը սկսվել է 538,8±0,2 միլիոն տարի առաջ[1] և շարունակվում է մինչ օրս՝ «հստակ» կյանքի դարաշրջանը[2] : Ֆաներոզոյը սկսվել է Քեմբրիի ժամանակաշրջանից, երբ տեղի է ունեցել կենսաբանական տեսակների կտրուկ աճ և հայտնվել են հանքային կմախքներ ունեցող օրգանիզմներ, հոդվածոտանիներ և քորդավորներ, ինչպես նաև առաջացել են բույսերի բարդ տեսակներ։ Նախորդ ժամանակաշրջանը կոչվել է Կրիպտոզոյ[3], այսինքն «թաքնված» կյանքի ժամանակաշրջան, քանի որ նրա լինելու մասին շատ քիչ տեղեկություններ կան (բացառություն են հանդիսանում ֆրանսվիլյան, հուայնանական և էդիաքարական բիոտները)։
Ֆաներոզոյում տեղի է ունեցել կենդանիների և բույսերի համաէվոլյուցիա, քանի որ հայտնվել են կենդանիներ, որոնք էկոլոգիապես կապված են եղել բույսերի որոշակի խմբի հետ և հակառակը։ Քանի որ կենդանիների բնակավայրը ձևավորվել է բույսերի համայնքների կողմից՝ կենդանիների էվոլյուցիան որոշակի ուշացումով է կայացել՝ բույսերի էվոլյուցիայի համեմատ[4]։
Ինչ վերաբերում է մայրցամաքներին, ապա վաղ պալեոզոյական ժամանակաշրջանում (538-335 միլիոն տարի առաջ) միակ խոշոր մայրցամաքը եղել է Գոնդվանան[5], որը գտնվում էր Հարավային բևեռի տարածքում։ Միանալով Լավրենտիայի և Սիբիրիայի հետ այն ձևավորել է Պանգեան։ Մեզոզոյան և Կայնոզոյան ժամանակաշրջանների ընթացքում երկրակեղևի սալերի շարժման արդյունքում ձևավորվել են ժամանակակից մայրցամաքները։ Այդ ժամանակաշրջանը նշանավորվել է նաև համաշխարհային օվկիանոսի մակարդակի պարբերական փոփոխություններով, կրկնվող ցրտերով, տաքացումներով կամ համաչափ ու տաք կլիմայի հաստատմամբ, նաև երկրագնդի բևեռների մագնիսականության ավելացմամբ[6]։
Ֆաներոզոյական դարաշրջանը բաժանված է երեք երկրաբանական մասերի (հնից մինչև նորը)։
Ֆաներոզոյին հաճախ վերագրում են նաև Պրոտերոզոյան դարաշրջանի վենդական շրջանը։
Առավել նշանակալից իրադարձություններ՝
- «Քեմբրիական պայթյուն», որը տեղի է ունեցել մոտ 539 միլիոն տարի առաջ,
- Ֆաներոզոյի հինգ ամենամեծ ոչնչացումները՝
- օրդովիկոսիլուրիական ոչնչացում — 440 միլիոն տարի առաջ;
- դևոնական ոչնչացում — 364 միլիոն տարի առաջ,
- Պերմյան զանգվածային ոչնչացում — 251,4 միլիոն տարի առաջ,
- Տրիասյան ոչնչացում — 199,6 միլիոն տարի առաջ,
- կավիճ-պալեոգենային ոչնչացում — 66,0 միլիոն տարի առաջ։