Ֆավնուս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆավնուս, Ֆավնոս կամ Ֆաունուս (լատին․՝ Faunus - թովիչ), դաշտերի, անտառների, արոտավայրերի, կենդանիների աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ, հոտերի և հովիվների հովանավորը, Պիկուսի և Պոմոնայի (կամ Կոնենտայի) որդին, Լատինոսի հայրը (Մարցիա նիմփայից)։
Ֆավնուս | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և բնության աստվածություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Պան |
Հայր | Picus? |
Մայր | Canens? |
Քույր/Եղբայր | Fauna? |
Ամուսին | Fauna? և Dryope? |
Զավակներ | Tarquitus? |
Fauns Վիքիպահեստում |
Ֆավնուսը համարվել է երեխաներ գողացող, հիվանդություններ առաքող և խրախճալից ոգի։ Ֆավնուսին նվիրված ամենամեծ տոնը՝ Լուպերկալիան (լատին․՝ lupus - գայլ բառից), նշվել է Պալատինյան բլրի վրա ամեն տարի փետրվարի 15-ին՝ որպես հոտերը գայլերից պաշտպանողի (Ֆավնուս Լուպերկ)։ Այդ տոնին Ֆավնուսի պատվին զոհաբերվել են շուն և այծ, կատարում էին հեղումներ կաթով և գինով։ Իսկ դեկտեմբերին Ֆավնուսի պատվին կատարում էին ֆավնալիա տոնը։ Ֆավնուսին համապատասխանող կանացի աստվածությունն անվանվել է Ֆաունա, Ֆատուա, Մայա։ Ֆավնուսը համարվել է նաև Լատինի (լատինացիների նախահոր) հայրը։
Պանի նման Ֆավնուսը անտառում վախեցնում է ճանապարհորդներին և թափացնում բնակարանները՝ մարդկանց քունը խանգարելու։ Նա հոգ է տանում դաշտերի բեղմնավորման և պտղաբերության համար։ Ֆավնուսն ունի կանխագուշակելու ձիրք։ Նրա պատգամախոսարանները գտնվում էին անտառում։ Ապագան իմանալ ցանկացողները Ֆավնուսի սրբավայրերում քնելիս ստանում էին գուշակություններ՝ զոհաբերված ոչխարի միսը շաղ տալով նրա մորթու վրա (ինկուբացիա)։ Այստեղից է հավանաբար առաջացել Ֆավնուսի Ինկուբուս մականունը[1]։
Ֆավնուսը նույնացվել է հունական Պանին, Սիլվանոսին, նաև ենթադրում էին, թե կային մեծ թվով ֆավնուսներ։ Պատկերվել է այծի ոտքերով ու ականջներով պատանու տեսքով։