Ֆինանսներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսներ (ֆր.՝ finances՝ դրամական միջոցներ), գիտական գրականության մեջ սահմանվում է որպես տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնք ծագում են դրամական միջոցների կենտրոնացված և ապակենտրոնացված ֆոնդերի ձևավորման, բաշխման և օգտագործման ընթացքում։ Սովորաբար խոսքը պետության կամ տնային տնտեսությունների նպատակային ֆոնդերի մասին է։ Ֆինանսների բնագավառում կարևորագույն հասկացություն է «բյուջեն»։
Արևմտյան գիտական գրականության մեջ ֆինանսների ընդհանուր սահմանումներ չեն տրվում, ֆինանսները սահմանվում են բավականին ընդլայնված կերպով։ Սովորաբար որոշակիացվում է, թե որ ֆինանսների մասին է գնում խոսքը. հանրային, մասնավոր կամ անձնական ֆինանսեր։ Հանրային ֆինանսեր ասելով՝ հասկանում են պետական ռեսուրսների, եկամուտների հաշվեկշռի և ծախսերի ձևավորման և օգտագործման գործընթացն ու մեխանիզմը, ինչպես նաև ղեկավարման համապատասխան մեթոդները [1]։ Մասնավոր ֆինանսների հասկացության տակ հասկանում են «փողերի կառավարումը»[2] կամ «փողերի կառավարման արվեստն ու գիտությունը» [3]։ Այդկերպ «ֆինանսական մենեջմենթ», «կառավարման ֆինանսներ», «մասնավոր ֆինանսներ» և «բիզնես ֆինանսներ» հասկացությունները գործնականում համազոր են և փոխկապակցված են[4][5]։ Ֆինանսների տեսությունը ուսումնասիրում է գնագոյացման տեսությունը, կապիտալի ձևավորումը, պորտֆելների տեսությունը, ֆինանսական ակտիվների, օպցիոնների գնագոյացման տեսությունը և մի շարք այլ տեսություններ, որոնք հիմնվել են Գ. Մարկովիցի, Ու. Շարպի, Ռ. Մերտոնի, Ֆ. Մոդիլյանիի, Մ. Միլերի, Ջ. Թոբինի, Ա. Բլեքի և այլոց կողմից։
«Ֆինանսներ» հասկացության տակ հասկանում են նաև տնտեսագիտական գիտությունն ու հայեցակարգը, որ ուսումնասիրում է տնտեսագիտական հարաբերությունների համապատասխան ոլորտը։
«Ֆինանսներ» բառը հաճախ գործածվում է կենցաղում՝ մատնանշելու փողը։
«Ֆինանսավորում» եզրը նշանակում է «ապահովում դրամական միջոցներով»։