Ֆրանսիական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական թատրոնի ակունքը միջնադարյան թափառական դերասանների և երաժիշտների արվեստն է։ Դեռևս 9-10-րդ դարերում ծնունդ է առել լիթուրգիական դրաման, ապա՝ միրաքլը, միստերիան։ Դրանցից առավել նշանավորը «Տիրոջ չարչարանաց եղբայրությունն» էր (գոյատևել է 14-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1676 թվականը), որը 1402 թվականին ստացել է Փարիզում ներկայացումներ տալու մենաշնորհը, հանդես եկել փակ շինություններում, 1548 թվականից՝ «Բուրգունդյան օթել» թատրոնում։ Բացի միստերիաներից (արգելվել են 1548 թվականին) ներկայացրել է ֆարս, մորալիտե, սոթի (15-16-րդ դարերին ֆրանսիական թատրոնի կատակաերգիծական ժանր)։ 1599 թվականից «Բուրգունդյան օթել»-ում գործել է Վ․ Լեկոնտի թատերախումբը՝ առաջին պրոֆեսիոնալ դերասանախումբը։ Ֆրանսիական թատրոնի պատմության նոր փուլը սկսվել է բացարձակ միապետության հաստատումով (17-րդ դար)։ Հաստատվել է կլասիցիզմը, որի խոշոր ներկայացուցիչներից էին ողբերգակ դրամատուրգներ Պիեռ Կոռնելը և Ժան Ռասինը, կատակերգու Մոլիերը[1]։