From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիկ (մոտ 1234 - մոտ 1315), միջնադարյան հայ բանաստեղծ։
Ֆրիկ | |
---|---|
Ծնվել է | մոտ 1234 |
Վախճանվել է | մոտ 1315 |
Գրական անուն | Ֆրիկ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Ֆրիկ Վիքիքաղվածքում | |
Ֆրիկ Վիքիդարանում | |
Frik Վիքիպահեստում |
Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Հայտնի է, որ նա աշխարհիկ մարդ է եղել, երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր և ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին[1]։
Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։
Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը[2]։ Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.
Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ - [3] |
Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը[4]։
Հասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները[5]։ Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին և վասն բախտի, «Վասն Արղուն ղանին և Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի և բրջի»։ «Ընդդէմ ֆալաքին…» քերթվածում Ֆրիկը գրում է.
Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն էդիր մեծաւոր |
Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին և Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգորդված։ Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը։ «Գանգատի» մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը։ Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ ֆալաքի՝ այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին», - պատասխանում է ճակատագիրը։ «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու հետ։ Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին՝ նա լայն ընդհանրացումներ է անում։ Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»)։ Շարունակելով հակադրությունների շարքը՝ միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան[6]։ Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.