Տիպ 1 շաքարային դիաբետ
From Wikipedia, the free encyclopedia
1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամբ[4] և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա)։ Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը[5]։
Տիպ 1 շաքարային դիաբետ Diabetes mellitus type 1 | |
---|---|
Շաքարային դիաբետի նշան[1] | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | շատամիզություն[2] և պոլիֆագիա[3] |
Բժշկական մասնագիտություն | դիաբետոլոգիա |
ՀՄԴ-9 | 250.01 |
ՀՄԴ-10 | E10 |
Diabetes mellitus type 1 Վիքիպահեստում |
1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են[6]։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը։
Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ։ Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ[6]։ Սուր բարդացումներից են՝ կետոացիդոզը (արյան մեջ ացետոնային և կետոնային մարմինների շատացում), գերօսմոլյար կոման (հիպերգլիկեմիկ կոմա, ոչ կետոնեմիկ կոմա)։ Գերշաքարարյունության երկարատև բարդացումները ներառում են սիրտ-անոթային հիվանդություններ, ինֆարկտ, երիկամների անբավարարություն, խոցեր՝ վերջույթների վրա, աչքերի վնասում (դիաբետային ռետինապաթիա)[6]։ Բացի այդ, որոշ բարդացումներ կարող են զարգանալ ինսուլինաթերապիայի պատճառով զարգացող թերշաքարարյունության հետևանքով։
1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը[7][8]։ Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է[9], սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ[9]։ ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տառապում է 1֊ից 3 միլիոն մարդ[9][10]։ Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է. ամենից քիչ այն հանդիպում է Ճապոնիայում և Չինաստանում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 1 նոր հիվանդ/տարի), իսկ ամենաշատն այն հանդիպում է Սկանդինավիայում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 35 նոր հիվանդ/տարի)[11]։ ԱՄՆ-ում և հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում հիվանդության առաջացման հավանականությունը յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով որոշ դեպքերում տատանվում է 8-17 նոր դեպք/տարի սահմանում[11]։