2014 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2014 թվականի NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 26-ին[1]` Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում[2]։ Դրաֆթն ԱՄՆ-ում ցուցադրվել է «ESPN» սպորտային հեռուստաալիքով։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների` Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 20-ին, ինչի արդյունքում «Կլիվլենդ Կավալիերսը» երկրորդ տարին անընմեջ (և 2003 թվականից սկսած՝ 4-րդ անգամ) ստացել էր առաջինն ընտրելու իրավունքը։ Վերանվանումից հետո դրաֆթում հանդես եկավ նաև «Շառլոթ Հորնեթսը»։ Դեյվիդ Սթեռնից հետո NBA-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ադամ Սիլվերն առաջին անգամ ստանձնեց վարողի պաշտոնը։
Օգտվելով առաջինն ընտրելու իրավունքից՝ «Կլիվլենդ Կավալիերսը» ընտրում է Էնդրյու Ուիգինսին՝ Նևադայի համալսարանից։ Ուիգինսը դառնում է երկրորդ անընմեջ կանադացին, ով NBA-ի դրաֆթում ընտրվում է # 1 ընտրությամբ (Էնթոնի Բենեթից հետո)։
Բազմաթիվ սպորտային վերլուծաբանների կարծիքով՝ դրաֆթը բավականին խորն էր և հարուստ տաղանդավոր բասկետբոլիստներով։ Դրաֆթում առաջին անգամ զարգացման լիգայի բասկետբոլիստն ընտրվում է 1-ին ռաունդում (Փի Ջեյ Հեյրսթոն), ինչպես նաև առաջին անգամ ընտրվում է մարզիկ Կանաչ Հրվանդանից (Վալտեր Տավարես)։ Բացի այդ, Ադամ Սիլվերի գլխավորությամբ և դահլիճի ծափահարությունների ներքո հատուկ ուշադրություն հրավիրվեց սիրողական բասկետբոլիստ Այզեա Օսթինի շուրջ, ով դրաֆթից 4 օր առաջ պարզել էր, որ չի կարողանա շարունակել բասկետբոլային կարիերան՝ Մարֆանի համախտանիշ ունենալու պատճառով։