2016 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2016 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2016 թվականի հունիսի 23-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «ESPN» կաբելային հեռուստաալիքով, ինչպես նաև NBA-ի պատմության մեջ առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվել (լայվստրիմ) «Yahoo! Sports» հարթակով։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 17-ին, ինչի արդյունքում առաջին ընտրության իրավունքը շնորհվեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբին։ Վիճակահանությամբ 2-րդ և 3-րդ ընտրության համարները շնորհվել էին համապատասխանաբար «Լոս Անջելես Լեյքերս» և «Բոստոն Սելտիքս» ակումբներին, ընդ որում վերջինս իր ընտրության համարը ձեռք էր բերել «Բրուքլին Նեթսից»։
Օգտագործելով առաջին ընտրության իրավունքը, «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսն» իր թիմ է զորակոչում ավստրալիացի բասկետբոլիստ Բեն Սիմոնսին՝ Լուիզիանայի նահանգային համալսարանից։ Սիմոնսն այս կերպ դառնում է դրաֆթում առաջին համարի ներքո ընտրված երկրորդ ավստրալիացի մարզիկը (Էնդրյու Բոգուտից հետո)։
Սույն դրաֆթում ընդհանուր առմամբ հանդես են եկել մարզիկներ ռեկորդային՝ 29 երկրից։