From Wikipedia, the free encyclopedia
Վոլֆրամ, քիմիական տարր է, որի նշանն է W (լատին․՝ wolframium), պարբերական համակարգի VI տարբերության, VI խմբի (6-րդ խմբի երկրորդական ենթախմբի (Բ-խումբ)) քիմիական տարր։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Վոլֆրամ / Wolframium (W), W, 74 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 183,84(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d4 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 141 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 170 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+6e) 62 (+4e) 70 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2.3 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | W ← W3+ 0,11 В W ← W6+ 0,68 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 6, 5, 4, 3, 2, 0 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 769,7 (7,98) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 3695 K (3422 °C, 6192 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 5828 K (5555 °C, 10031 °F) | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 191 կՋ/կգ 35 կՋ/մոլ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 4482 կՋ/կգ 824 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 24,27[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 9,53 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,160 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 310 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 162,8[3] Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
74 | Վոլֆրամ |
183,84 | |
4f145d46s2 |
Կարգահամարը՝ 74, ատոմական զանգվածը՝ 183,81: Անցումային տարր է։ Պարբերական համակարգում գրաված դիրքին համապատասխան ունի 6 արժեքական (վալենտային) էլեկտրոն[4] 5s2 5p6 5d4 6s2: K, L, M, N թաղանթները լրացված են։ d տարր է։
Վոլֆրամն առաջացնում է միացություններ +2, +3, +4, +5 և +6 օքսիդացման աստիճաններով[5][6], սակայն նրան ավելի բնութագրական է +6 օքսիդացման աստիճանը։
Վոլֆրամը հայտնաբերել և WO3-ի ձևով անջատել է Կարլ Վիլհելմ Շեելեն 1781 թվականին, թունգստեն միներալից, որի արդյունքում ստացվեց դեղին, ծանր քար (վոլֆրամի եռօքսիդ), որը հետագայում վերանվանվել է՝ շեելիտ։
1783 թվականին իսպանացի քիմիկոսներ Էլհույար եղբայրները հայտարարեցին, որ սաքսոնական վոլֆրամիտ միներալից ստացել են նոր մետաղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վոլֆրամը քաղաքական գործընթացներում ունեցել է նշանակալի դերակատարություն։ Պորտուգալիան, որպես եվրոպայում այս տարրի գլխավոր մատակարար, ճնշման տակ էր երկու կողմերից։ Վոլֆրամն այդ ժամանակ ռազմարդյունաբերության կարևոր նյութերից էր։
Անվանումը ստացել է վոլֆրամիտ հանքանյութից, որը, ինչպես հայտնի էր դեռ Ագրիկոլային, ուղեկցում էր անագի հանքերին և անագի հալման ժամանակ հափշտակում ու փրփուրի մեջ տեղափոխում այն։ Հայտնի է, որ միջնադարյան Եվրոպայում անագի ստացման միևնույն պայմաններում որոշ դեպքերում անհասկանալի պատճառով անագ չէր ստացվում։ Մետալուրգներն ուշադրություն դարձրին այն փաստին, որ երբ անագի հանքաքարի մեջ հանդիպում էին գորշ կամ դեղնամոխրագույն ծանր քարեր, ապա անագը չէր ստացվում և անցնում էր շլակի փրփրի մեջ։
Ստացվում էր, որ
«այդ ծանր քարն ուտում էր անագն այնպես, ինչպես գայլը ոչխարին»։ |
Այդ քարի անունը դրեցին «Գայլի փրփուր» (լատին․՝ Spuma Lupi կամ գերմ.՝ Wolf - գայլ, Rahm - փրփուր)։
Ներկայումս ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում վոլֆրամի համար գործածվում է Tungsten ('շվեդ.՝ 'Tung Sten - ծանր քար) անունը։
Վոլֆրամը հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում 1•10−4 զանգված % (տարածվածությամբ 55-րդն է)։ Ազատ վիճակում չի հանդիպում։ Առաջացնում է միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն վոլֆրամիտը՝ (FeMn) WO4 և շեելիտը՝ CaWO4։ Վոլֆրամի միներալները հայտնի են շատ վաղուց։
Հայտնի է վոլֆրամի 15 հանքանյութ։ Վոլֆրամի հանքանյութերը հիմնականում գտնվում են գրանիտային ապարներում։ Սակավ հանդիպում է սուլֆիդի տեսքով։
Վոլֆրամի հանքանյութերից արդյունաբերական նշանակություն ունեն հիմնականում երկաթի, մանգանի, կալցիումի և որոշ դեպքերում կապարի, պղնձի, թորիումի վոլֆրամատները։
Վոլֆրամիտ՝ | nFeWO4 · mMnWO4 (n=m) |
Ֆերբերիտ՝ | 4FeWO4 · MnWO4 |
Գյուբներիտ՝ | FeWO4 · 4MnWO4; |
Շեելիտ՝ | CaWO4 |
Շտոլցիտ՝ | PbWO4 |
Տունգստենսիտ՝ | WS2 |
Աշխարհում տարեկան արտադրվում է 20 հազար տոննա վոլֆրամ։
Վոլֆրամի ստացման հումքը վոլֆրամիտը և շեելիտն են։ Հանքանյութը հարստացնում են, ապա քայքայում ալկալիներով (միահալում են կամ վերամշակում ավտոկլավներում սոդայի՝ շեելիտ, կամ կծու նատրիումի՝ վոլֆրամիտ, լուծույթով)։
Ստանում են Na2WO4-ի լուծույթ, որից նստեցնում են CaWO4, ապա մշակում տաք աղաթթվով կամ ազոտական թթվով։ Ստացված վոլֆրամական թթուն մաքրում են ամոնիակաջրում լուծելով։ Ամոնիումի վոլֆրամատը քայքայում են և WO3-ը վերականգնում ջրածնով (850-1200 °C) կամ ածխածնով (1400-1800 °C)։
Կոմպակտ մետաղը ստանում են փոշու բարձրջերմաստիճանային մամլմամբ՝ ջրածնի մթնոլորտում։
Վոլֆրամը ծանր, դժվարահալ, արծաթափայլ մոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 3420 °C, եռմանը՝ 5700 °C, խտությունը՝ 19,3 գ/սմ3, տեսակարար էլեկտրահաղորդականությունը՝ 1,82•105 • օհմ−1 սմ−1) (20 °C)։
Պարամագնիսական է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից և վերամշակման եղանակից։ Սովորական պայմաններում օդում քիմիապես կայուն է։ Միացություններում ցուցաբերում է +2-ից +6 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է վեցարժեք վոլֆրամը)։
Սենյակային ջերմաստիճանում, չոր օդում քիմիապես բավականին պասիվ է, բայց բարձր ջերմաստիճանում՝ 400 – 500 °C-ում դանդաղ օքսիդանում է թթվածնով։ Ջրածնի հետ գործնականում չի փոխազդում, նույնիսկ հալման ջերմաստիճանում։ Ազոտի հետ փոխազդում է 2000 °C-ից բարձր ջերմաստիճանում։ Ածխածինը 1100 – 1200 °C-ում փոխազդում է վոլֆրամի հետ՝ առաջացնելով WC և W2C միացությունները։ Վոլֆրամը փոխազդում է նաև հալոգենների, ծծմբի և սելենի հետ։
Քիմիական հատկություններով նման է մոլիբդենին։ Ջրածնի հետ չի միանում։ Օդում նկատելի օքսիդանում է 400-500 °C-ում (մինչև WO3)։
Օքսիդանում է ջրային գոլորշիներում (600 °C), այլ գազերում (NO2, СО, СO2 և այլն), ինչպես նաև հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխածնի, սիլիցիումի, բորի հետ տաքացնելիա վոլֆրամի (VI) օքսիդի՝ WO3-ի ջրում անլուծելի կիտրոնադեղին բյուրեղները լուծվում են ալկալիներում, առաջացնում վոլֆրամատներ, որոնք ջրածնի հոսանքում տաքացնելիս վերականգնվում են WO2-ի (շագանակագույն փոշի) և վոլֆրամի։
Վոլֆրամական թթուն՝ H2WO4, ջրում չի լուծվում, ալկալիների հետ առաջացնում է վոլֆրամատներ, որոնք նրա և բազմավոլֆրամական թթուների (xH2O•yWO3 չեն անջատվել) աղերն են։
Ֆտորի հետ վոլֆրամը միանում է շուրջ 300 °C-ի պայմաններում։ Հայտնի են վոլֆրամի հալոգենիդները և օքսիհալոգենիդները, սուլֆիդները։ Վոլֆրամի նիտրիդը, կարբիդները, սիլիցիդները, բորիդները դժվարահալ և կարծր նյութեր են։ Բազմաթիվ մետաղների հետ վոլֆրամը առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։
Վոլֆրամը չի լուծվում սառը թթուներում և ալկալիների լուծույթներում, լուծվում է HF-ի և HNO3-ի խառնուրդում տաքացնելիս՝ HNO3-ում և արքայաջրում։
Վոլֆրամն ունի հինգ բնական իզոտոպ՝ 180W(0,120%), 182W(26,498%), 183W(14,314%), 184W(30,640%) և 186W(28,426%)։
Այս իզոտոպների կիսատրոհման ժամանակահատվածներն այնքան երկար են, որ կարելի է ասել, որ դրանք կայուն են։180W -ի կիսատրոհման ժամանակամիջոցը՝ T1/2-ը (1,8±0.2)×1018 տարի է, 183W-ինը՝ 8×1019 տարի, իսկ 184W-ինը՝ 1.8×1020 տարի է։
Հայտնի են նաև վոլֆրամի 30 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ՝ ռադիոնուկլիդներ, որոնց զանգվածային թվերն ընկած են 158-ի և 190-ի միջև։ Նրանցից առավել կայուններն են 181W –ը՝ T1/2=120 օր, 185W –ը՝ T1/2=78,5 օր և 184W -ը՝ T1/2=1 օր։
2003 թվականին հայտնաբերվել է[7] չափազանց թույլ ռադիոակտիվությամբ բնական, α-ակտիվությամբ 180W վոլֆրամի իզոտոպը, որի կիսատրոհման ժամանակամիջոցը՝ 184W-ինը՝ 1.8×1018 տարի է[8]։
Արտադրվող վոլֆրամի մեծ մասն օգտագործվում է վոլֆրամային պողպատների և համաձուլվածքների արտադրության մեջ։ Վոլֆրամի կարբիդի համաձուլվածքները ջերմակայուն, մաշակայուն են և օգտագործվում են մետաղները ճնշմամբ կտրելու և վերամշակելու, հորատող շաղափներ պատրաստելու համար և այլ նպատակներով։
Վոլֆրամի դժվարահալ համաձուլվածքները (նիոբիումի, մոլիբդենի, տանտալի, ռենիումի հետ) օգտագործվում են օդանավաշինության մեջ և հրթիռային տեխնիկայում։
Վոլֆրամն օգտագործվում է նաև էլեկտրատեխնիկայում և ռադիոէլեկտրոնիկայում, նատրիումի վոլֆրամատը՝ լաքաներկանյութերի և մանածագործական արդյունաբերության մեջ, սուլֆիդը (WS2)՝ որպես կատալիզատոր և քսանյութ։
2010 թվականին ավարտին 99 % մաքրության մետաղական վոլֆրամի կիլոգրամի գինը կազմել է մոտավորապես 40-42 ԱՄՆ դոլլար, 2011 թվականի մայիսին՝ 53-55 ԱՄՆ դոլլար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.