Բնափայտ

From Wikipedia, the free encyclopedia

Բնափայտ
Remove ads

Բնափայտ, քսիլեմա (հուն․ gvXov — կտրված ծառ), ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքային աղերը։ Բնափայտը անցկացնող խրձի մի մասն է, կազմված պրոկամբիումից (առաջնային բնափայտ) կամ կամբիումից (երկրորդային բնափայտ)։ Բնափայտը բնափայտային բույսերի բնի, արմատների և ճյուղերի հիմնական զանգվածն է։ Բնափայտի բջիջների ձևը և մեծությունը, կախված կատարվող ֆունկցիայից, տարբեր է։ Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրեր և առաջանում է բույսերի օնտոգենեզում մերիսթեմային երկու տիպի՝ ապիկալ (առաջնային քսիլեմա կամ առաջնային բնափայտ) և լատերալ (երկրորդային քսիլեմա կամ երկրորդային բնափայտ) հյուսվածքների գործունեության հետևանքով։ Փշատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ և շառավղային կամ միջուկային ճառագայթներ։ Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ (գարնանային) և ուշ (ամառային) գոտիներ։ Բնափայտի կառուցվածքն ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի լինում է ցրիվանոթային (թխկի, կեչի) և օղականոթային (կաղնի, թեղի)։ Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (կաղնի) կամ խմբերով (կեչի, հացենի, բարդի)։ Ծառի աճման հետ նրա ներքին, ավելի հին բնափայտը մահանում է, անցկացնող և պահեստային համակարգերն աստիճանաբար դադարում են գործելուց, որի հետևանքով ջրի, օսլայի, մասամբ ճարպի պարունակությունը պակասում է, իսկ դաբաղանյութերինը, խեժերինը՝ ավելանում։ Բնափայտի բոլոր բջիջներին բնորոշ է փայտացումը՝ թաղանթների ներծծումը լիգնինով։ Բնափայտը ունի ժողովրդատնտեսական մեծ նշանակություն։ Կիրառվում է որպես շինանյութ, վառելանյութ, հումք է թղթի արդյունաբերության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 496
Thumb
Կտավատի ցողունի կտրվածքը՝ 1. փխրուն միջուկ, 2.պրոտոքսիլեմա, 3. քսիլեմա, 4.ֆլոեմ, 5.լասլենկիմա, 6. պերիդերմիս, 7. էպիդերմիս
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads