Էսքիլես

Հին հույն դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia

Էսքիլես
Remove ads

Էսքիլես կամ Էսքիլոս (հին հունարեն՝ Αἰσχύλος , մ. թ. ա. 525[2][3][4][…], Էլևսին[4][1] - մ. թ. ա. 456[5][3][4][…], Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1]), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։

Remove ads

Կենսագրություն

Ծնվել է մ.թ.ա. 525 թվականին Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրն՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլեսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլեսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ է եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլեսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, եղբոր հետ մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա. 490 թ.), որի ընթացքում ինքը ծանր վիրավորվել է, իսկ իր եղբայրը՝ զոհվել։ Մասնակցել է նաև Սալամինի (մ.թ.ա. 480 թ.) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտերին։

Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ մ.թ.ա. 472 թվականին Էսքիլեսը հեռացել է Աթենքից Սիցիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք մ.թ.ա. 468 թվականին։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» եռագրությունը, որից հետո Էսքիլեսն անհայտ պատճառով նորից մեկնել է Սիցիլիա։ Մ.թ.ա. 456 թվականին նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։

Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլեսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան՝ պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլեսի գլխին և սպանում նրան։

Էսքիլեսի դամբանագիրը, որը գրել է հենց ինքը՝ Էսքիլեսը, կամ նրա ժամանակակիցներից մեկը, հիշատակում է նրա մասնակցությունը Մարաթոնի ճակատամարտին, բայց որևէ հիշատակում չի պարունակում նրա թատերախաղերի մասին.[6]

Այս հուշարձանի ներքո հանգչում է Էսքիլես Աթենացին / Եվփորիոնի որդին, որ մահացավ Գելայի ցորենաբեր երկրում / Մարաթոնի պուրակն, իր փառքով, կարող է խոսել մարտում նրա արիությունից / Երկարամազ պարսիկը հիշում է և նույնպես կարող է խոսել դրանից։

Remove ads

Ստեղծագործություններ

Էսքիլեսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են՝ «Խնդրարկուներ», «Պարսիկներ», «Յոթն ընդդեմ Թեբեի», «Պրոմեթևսը շղթայված», «Ագամեմնոն», «Քոեփորներ», «Եվմենիդներ» (վերջին երեքը մտնում են «Օրեստիա» եռագրության մեջ)։

Սյուժեի զարգացում և բնութագրություն

Ըստ Ալան Սոմմերստեյնի՝ Էսքիլեսի երկերին բնորոշ են ոչ թե կտրուկ սյուժետային փոփոխություններ, այլ լարվածության աստիճանական զարգացում։ Ընդհանուր առմամբ, շեշտը դրվում է վիճակի և իրադարձությունների, այլ ոչ թե գործող անձանց բնութագրությունների վրա։ Նույնիսկ պիեսի բավականին խոշոր կերպարները (Պելասգոս, Օրեստես) կարող են միայն աննշան բնավորության առանձնահատուկ գծեր ունենալ և գործել ըստ իրավիճակի թելադրանքների՝ անկախ անձնական որակներից։ Մյուս կողմից, որոշ կերպարներ, որոնք կայացնում են (կամ նախկինում կայացրել են) գործողությունն ազդող որոշումներ, երբ կանգնած են ընտրության առջև, պատկերվում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է այդ որոշումների դրդապատճառը լուսաբանելու համար[7]։

Գաղափարներ և թեմատիկա

Էսքիլեսի ողբերգություններում արտահայտվում է աստվածային վերջնական արդարության անխուսափելիության գաղափարը։ Դրանցում մարդկային տառապանքը բխում է կերպարներից մեկի չար կամ անմիտ մի արարքից, որի հետևանքները պատուհաս են բերում ոչ միայն արարքը կատարած մարդու, այլ նաև նրա ժառանգների և վերջապես ամբողջ համայնքի գլխին։ Նրա որոշ թատերախաղերում («Պարսիկներ», Թեբեական եռագրություն) կերպարների տառապանքը աստիճանաբար ավելանում է և գործողության վերջում հասնում գագաթնակետի[8]։ Ըստ Վ. Յարխոյի՝ ողբերգության հիմքն է հանդիսանում աստվածների ստեղծած աշխարհակարգի կանոնների և մարդու սուբյեկտիվ վարքագծի հակասումից։ Օրինակ՝ «Յոթն ընդդեմ Թեբեի» ողբերգությունում Էտեոկլես թագավորը ստիպված է մենամարտի գնալ իր հարազատ եղբոր դեմ, որը թշնամու զորքն է բերել Թեբե։ Սակայն եղբայրասպան կռիվն էլ ավելի է սրում աստվածների զայրույթը Էդիպուսի (Էտեոկլեսի հոր) տոհմի նկատմամբ[9]։

Ի տարբերություն Էսքիլեսի մյուս երկերի՝ «Օրեստիա» եռագրությունը ունի ավելի լավատեսական ավարտ, որում խաղաղ համոզումը փոխարինում է բռնությանը և վերջ է դրվում փոխադարձ հաշվեհարդարների շղթային՝ Աթենաս աստվածուհու և Աթենքի դատարանների իրականացրած արդարադատության շնորհիվ[7]։ Հնամենի բարոյական կարգերին փոխարինում են քաղաքացիական գիտակցությունը և օրենքը, ինչը խորհրդանշում է Օրեստեսին հալածող վրեժխնդրության մայրիշխանական աստվածուհիների՝ Էրինիաների, հայրիշխանական Աթենքի ծառայության մեջ մտնելը[9]։

Էսքիլեսն իր գործերում մեծապես կարևորել է քաղաք-պետության (պոլիսի) համայնական կյանքը։ Նա, կարծես, աթենական դեմոկրատիայի և 450-ականների սկզբին Աթենքի մղած պատերազմների կողմնակից է եղել՝ միաժամանակ գիտակցելով մրցակցող շահերի հաշտեցման միջոցով ներքին երկպառակությունից խուսափելու կարևորությունը[7]։

Ոճ

Ալան Սոմմերստեյնի գնահատմամբ, Էսքիլեսի քնարական ոճը «հարթ և ճկուն է» և Պինդարոսի կամ Սոփոկլեսի բանաստեղծությունից ավելի հեշտ է հասկանալ։ Նա թատերախաղի կամ եռագրության ընթացքում գերազանցորեն զարգացնում և պահպանում է լեզվի և պատկերավորության լեյտմոտիվներ[7]։ Նա որոշակի գլխավոր թեմաներ է կապում որոշակի բառերի կամ բառախմբերի հետ։ Օրինակ՝ «Օրեստիա» եռագրության ընթացքում կրկնվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են զայրույթը, վարպետությունը, համոզումը, լույսի և խավարի, ողբի և հաղթական երգի հակադրությունները: Ըստ Էնթոնի Պոդլեցկիի և Օլիվեր Թեպլինի՝ այս տարրերի կիրառումը սյուժետային զարգացման հետ համընթաց «թույլ է տվել Էսքիլեսին ավելի իսկապես գեղարվեստական և մտավոր տեսք տալ հունական դրամային»[8]:

Նորամուծություններ

Էսքիլեսը էական փոփոխություններ է կատարել թատերական արվեստի բնագավառում։ Կրճատել է երգչախմբային հատվածները՝ մեծ տեղ հատկացնելով երկխոսություններին: Առաջինն է բեմ հանել երկրորդ դերասանին, մտցրել բեմական ձևավորում և արտաբեմական երաժշտություն: Մինչ այդ հունական թատերախաղերում հանդես էին գալիս միայն մեկ դերասան և երգչախումբը. վերջինս դերասանների խումբ էր, որը մեկնաբանում էր թատերախաղի գործողությունը երգով, պարով և արտասանությամբ[8]։

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads