Բնական ծաղիկ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բնական ծաղիկ (լատին․՝ variola, variola vera), մարդկանց, կաթնասուն կենդանիների և թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն։ Բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա-բշտիկային ցանով (որը լավանալուց հետո թողնում է սպի) և կլինիկական ծանր ընթացքով։ Ներկայումս պատվաստումների շնորհիվ այս հիվանդությունը չի հանդիպում։
Այս հոդվածը հիվանդության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ծաղիկ (այլ կիրառումներ)։
Remove ads
Պատմական ակնարկ
Բնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց։ XV-XVIII դարերում ծաղկի համաճարակը Եվրոպայում խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք և այլանդակել փրկվածների դեմքերը։ Ծաղկի դեմ մղվող պայքարում շրջադարձային եղավ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենների հայտնաբերած (1796) ծաղկապատվաստման մեթոդը։
Ծաղիկը Հայաստանում
Հայաստանում ծաղկապատվաստման վերաբերյալ օրենքն ընդունվել է 1919 թվականին։ Խորհրդային կառավարությունը 1958 թվականին առաջարկել է ծաղիկի վերացման համաշխարհային ծրագիր և այդ նպատակի համար տրամադրել է մեծ քանակությամբ պատվաստանյութ։
Հայաստանում բնական ծաղկի վերաբերյալ տեղեկություններ են տվել Անանիա Շիրակացին (VII դար), XII դարում Մխիթար Հերացին («Ջերմանց մխիթարություն» աշխատության մեջ այս հիվանդությունը դասել է «բորբոսային ջերմերի» շարքը), XIX դարում՝ բժիշկ Տիգրան Փեշտմանջյանը։
Remove ads
Պատճառագիտություն
Ծաղկի հարուցիչները քամվող վիրուսներն են, որոնք կայուն են չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ առարկաների (սպիտակեղեն, հագուստ, խաղալիք) միջոցով։ Գաղտնի շրջանը 5-17, միջինը՝ 14 օր է։ Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ մինչև 40 °C, տանջող գլխացավերով, սրտխառնոցով, գոտկատեղի ցավերով։ 3-րդ օրվա վերջին դեմքի, վերջույթների, ափերի և ներբանների վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր։ Հետագա օրերին ցանի տարրերն անցնում են զարգացման մի քանի փուլ՝ հանգույց, բշտիկ, թարախաբշտիկ և այնուհետև կեղևակալում են ու չորանում՝ թողնելով բնորոշ սպի։
Կլինիկական ձևեր
- միախառնվող ծաղիկ, որը ծանր է ընթանում և որի դեպքում ցանի տարրերը միաձուլվում են
- արյունազեղային ծաղիկ («սև ծաղիկ»), որը բնորոշվում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում արյունազեղումների առաջացմամբ, ծայրաստիճան ծանր ընթացքով և բարձր մահաբերությամբ
- վարիոլոիդ կամ պատվաստվածների ծաղիկ, ընթանում է ոչ բարձր ջերմությամբ, ցանի տարրերն առանձնացված են, չեն անցնում զարգացման բոլոր փուլերը։
Գոյություն ունի նաև առանց ցանի ծաղիկ, առանց տենդի ծաղիկ։ Հիվանդությունը թողնում է կայուն իմունիտետ։
Remove ads
Բուժում
Բուժման համար կիրառվում են հակավիրուսային դեղեր (մետիսազոն՝ 0.6գ, օրը 2 անգամ, 5-6 օր), հակածաղկային իմունոգլոբուլին՝ 3-6 մլ՝ միջմկանային։ Որպես կանխարգելիչ միջոց մաշկի ախտահարված մասերը մշակվում են հականեխիչ նյութերով։ Բակտերիալ բարդությունների դեպքում հիվանդներին նշանակվում է ազդեցության լայն սպեկտրով անտիբիոտիկներ (կիսասինթետիկ պենիցիլիններ, մակրոլիդներ, ցեֆալոսպորիններ)։ Օրգանիզմի դետոկսիկացիային ուղղված միջոցառումներ են ձեռք առնվում, որի մեջ է մտնում կոլլոիդային և կրիստալլոիդային լուծույթների ներարկումը։ Որոշ դեպքերում կատարվում է նաև ուլտրաֆիլտրացիա և պլազմոֆերեզ։
Remove ads
Ծաղիկը կենդանիների մոտ
Ծաղիկը կենդանիների մոտ ընթանում է մաշկի և լորձաթաղանթի վրա բնորոշ բշտերի առաջացմամբ։ Հարուցիչը վիրուս է, ընդ որում, ոչխարների, այծերի, մարդկանց և հավերի ծաղկի հարուցիչները տարբեր են, իսկ ձիերը, խոզերը և այլ կենդանիներ վարակվում են դրանցից որևէ մեկով։
Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են և դրանցից ստացված հումույթները։ Վարակվում են աերոգեն և ալիմենտար ճանապարհով։ Վարակը տարածվում է հիվանդ ու վիրուսակիր, ոչ զգայունակ կենդանիների, խայթող միջատների, վարակված առարկաների, գոմաղբի միջոցով։ Գաղտնի շրջանը 3-14 օր է, ընթացքը՝ սուր, երբեմն՝ ենթասուր և քրոնիկ (լինում է նաև աբորտիվ՝ թեթև ընթացքով ծաղիկ)։
Ոչխարների ծաղիկը (բնորոշ ձևի դեպքում) սկսվում է բարձր ջերմությամբ, նկատվում է ախորժակի անկում, քթի և աչքի լորձաթաղանթի բորբոքում։ 3-4 օր հետո մաշկի անմազ կամ սակավամազ հատվածներում առաջանում է կարմրություն և ցան, որն աստիճանաբար վերածվում է հանգույցների, ապա՝ սիսեռի մեծության բշտերի (ծաղկաբուշտ), որոնք լցված են թափանցիկ ու երկնագույն հեղուկով։ Հետագայում բշտերը պատռվում են և չորանալով մաշկի վրա առաջացնում կեղև։ Հիվանդության վերջին շրջանում կեղևի տակ աճում է նոր հյուսվածք, կեղևը պոկվում է (թեփի ձևով)՝ մաշկի վրա թողնելով կարմիր բծեր կամ սպիներ և ապա՝ պեպեններ։ Մյուս կաթնասունների ծաղկի կլինիկական նշանները հիմնականում նույնն են, ինչ ոչխարներինը։
Թռչունների ծաղիկն ընթանում է մաշկային, դիֆթերիտային և մաշկադիֆթերիտային (խառը) ձևերով։ Ծաղիկն ախտորոշում են կլինիկա-էպիզոոտոլոգիական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա։ Բուժման համար արդյունավետ միջոց չի մշակված։ Օգտագործում են անտիբիոտիկներ, օծանելիք և այլն։ Կանխարգելման համար սահմանվում է կարանտին, հիվանդներին բուժում են, իսկ պայմանական առողջներին՝ իմունացնում։ Կարանտինային սահմանափակումները հանվում են հիվանդության վերջին դեպքից 20 օր հետո։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads