Հայերը Բաղդադում

From Wikipedia, the free encyclopedia

Հայերը Բաղդադում
Remove ads

Հայերը Բաղդադում, իրաքահայ գաղութի մի մասը, որը բնակվում է երկրի մայրաքաղաքում։

Thumb
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրաքի հայոց թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Պատմություն

Բաղդադում հայերը բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից (762) ի վեր, երբ այն հիմնադրվել էր որպես Արաբական (Աբբասյան) խալիֆայության մայրաքաղաք։

14-րդ դարում համայնքն ունեցել է հոգևոր առաջնորդ: 1638 թվականին Բաղդադը գրավվել է օսմանյան բանակի հայ թնդանոթաձիգ Գոգ Նազարի (Գևորգ Նազարյան) ձուլած թնդանոթի շնորհիվ։ Այդ ծառայության դիմաց Նազարը սուլթան Մուրադ IV-ից հողամաս է խնդրել հայերի համար։ Սուլթանի հրամանով Բաղդադում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու և գերեզմանատան համար։ Առաջին հայկական եկեղեցին (սուրբ Աստվածածին) Բաղդադում հիմնվել է 1640 թվականին: Այս իրադարձությունները տեղի ունեցան թուրք-պարսկական հերթական պատերազմից հետո, երբ 1639 թվականի հաշտությամբ և Հայաստանի չորրորդ բաժանմամբ ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ Միջագետքն անցան Օսմանյան կայսրությանը։ Հետագայում նեստորականները, օգտվելով հայերի սակավաթվությունից, գրավել են եկեղեցին (շուրջ մեկ դար)։ 1750-ական թվականներին հայերը դատարանի որոշմամբ, եկեղեցու ձախակողմյան որմի հայկական արձանագրության հաստատումով, հետ են վերցրել եկեղեցին։ Այն հիմնովին վերակառուցվել է 1968-71 թվականին (բարերարությամբ՝ Արամ Ղարիբյանի), օծվել 1971 թվականին՝ ձեռամբ թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի։ Եկեղեցու շրջակայքը ցայսօր կոչվում է Կեոք Նազար։ Այն ուխտատեղի է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար։ 1852 թվականին Բաղդադի թեմի անդրանիկ առաջնորդ Մեսրոպ Պոլսեցու նախաձեռնությամբ քաղաքի Շորջա թաղամասում կառուցվել է սուրբ Երրորդություն առաջնորդանիստ եկեղեցին (1957 թվականից չի գործում)։ 1876 թվականին բացվել է սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1922 թվականին՝ Սվաճյան դպրոցը, 1948 թվականին այդ երկուսը միացել են և կոչվել Սրբոց Թարգմանչաց Սվաճյան ազգային միացյալ վարժարան։

Հայերի թիվը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից և հայոց ցեղասպանությունից հետո, երբ Սայքս-Պիկոյի համաձայնագրով այն թուրքական տիրապետությունից անցել էր Անգլիային և ստեղծվել էր Իրաքի թագավորությունը: 1924 թվականին մայրաքաղաքում և շրջակայքում բնակվել է 2893, 1950-ական թվականներին՝ 8 հազար, 1970-ական թվականներին՝ 15 հազար, 2002 թվականին՝ շուրջ 7 հազար հայ: Բաղդադում հայ բնակչության նվազումը կապված էր 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի, ապա Իրաք-քուվեյթյան պատերազմի և հետագա իրադարձությունների հետ, որոնք հանգեցրին Սադդամ Հուսեյնի իշխանության տապալմանը, ապա՝ Իրաքի քաղաքացիական պատերազմին։

Remove ads

Հասարակական կյանք

Հայերը հիմնականում արհեստավորներ են ու մանր առևտրականներ: Կան նաև խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր, արդյունաբերողներ, մտավորականներ՝ բժիշկներ, ճարտարապետներ ու ճարտարագետներ, ուսուցիչներ: Բաղդադում են կենտրոնացած իրաքահայ համայնքի ազգային հաստատությունների գերակշիռ մասը:

Գործում են այժմ գործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրաքի հայոց թեմի հայ առաքելական երեք (սուրբ Աստվածածին և սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սրբոց Նահատակաց), Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Բաղդադի թեմի հայ կաթողիկե երկու (սուրբ սիրտ Հիսուսի, Մայր Վերափոխման) և Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության մեկ եկեղեցի:

1985 թվականից գործում է կիրակնօրյա դպրոցը: Հայ կաթոլիկները ևս ունեն դպրոց: 1874 թվականին Թադևոսյան եղբայրների նախաձեռնությամբ Բաղդադում հիմնվել է առաջին հայկական տպարանը:

Համայնքում գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (1911 թվականից) և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (1951 թվականից) մասնաճյուղերը, Հայ երկսեռ երիտասարդաց միությունը (1926 թվականից)՝ իր «Կոմիտաս» երգչախմբով, Հայ տիկնանց մշակութային միությունը (1960 թվականից):

Բաղդադում կա հայկական գերեզմանատուն, որի տարածքում 1986 թվականին կատարվել է Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնարկեքը (ճարտարապետ՝ Սարգիս Սինանյան), 1990 թվականի մայիսի 25-ին օծումը՝ ձեռամբ թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի: Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել Բաղդադի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

Remove ads

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Կաղապար:Հայերն Իրաքում

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads