Ներոն

From Wikipedia, the free encyclopedia

Ներոն
Remove ads

Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատին․՝ Nero Claudius Caesar Augustus Germanicus, դեկտեմբերի 15, 37[1][2], Antium, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն - հունիսի 9, 68[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն), ծնունդով՝ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս (լատիներեն՝ Lucius Domitius Ahenobarbus), հռոմեական կայսր 54 թվականի հոկտեմբերի 13-ից առ 68 թվականի հունիսի 9-ը, Հուլիոս-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներոն (այլ կիրառումներ)
Remove ads

Ծագում

Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը` ապագա Ներոնը, ծնվել է 37 թվականի դեկտեմբերի 15-ին Անտիումում` Հռոմի մերձակայքում[3][4]։ Նա եղել է Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի միակ որդին։ Մայրը՝ Ագրիպինա Կրտսերը, Կալիգուլա կայսեր քույրն էր։

Ներոնի հայրը եղել է Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսի և Անտոնիա Ավագի որդին։ Գնեոսն, այսպիսով, հոր կողմից Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի (մ.թ.ա. 32 թվականին՝ կոնսուլ) և հավանաբար Էմիլիա Լեպիդայի, իսկ մոր կողմից Մարկոս Անտոնիոսի և Օկտավիա Կրտսերի թոռն էր։
Օկտավիայով կապված՝ Ներոնը Օգոստոս կայսեր զարմիկ-թոռն էր։ Ներոնի հայրը զբաղեցրել է պրետորի պաշտոնը և եղել է Կալիգուլայի անձնակազմի անդամ վերջինիս արևելյան արշավանքի ժամանակ[5]։
Նա մահացել էր 39 տարեկանում՝ ջրգողություն հիվանդությունից, երբ Ներոնը երեք տարեկան էր։

Remove ads

Իշխանության հասնելը

Ներոնը չէր սպասում, որ դառնալու է կայսր, քանի որ իր քեռի Կալիգուլան թագադրվել էր 25 տարեկանում և բավարար ժամանակ ուներ իր համար ժառանգորդ ունենալու։ Ներոնի մայրը՝ Ագրիպինան, կորցրել էր Կալիգուլայի բարեհաճությունը և իր ամուսնու մահից հետո աքսորվել[6]։
Կալիգուլան, նրա կինը` Կեսոնիան և անչափահաս դուստրը սպանվում են 41 թ. հունվարի 24-ին[7], որից հետո գահն անցնում է Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին[8]։
Իշխանության անցնելով` Կլավդիոսն Ագրիպինային թույլ է տալիս վերադառնալ աքսորից։

Մինչև Վալերիա Մեսալինայի հետ ամուսնանալը Կլավդիոսն ամուսնացած է եղել երկու անգամ[9]։ Նախորդ ամուսնություններից ունեցել է երեք զավակ, որոնց թվում՝ մի որդի, ով մահացել էր երիտասարդ տարիքում[10]։ Մեսալինայից ունեցել է երկու երեխա. աղջիկ՝ Կլավդիա Օկտավիան (ծնվել է 41 թ., հետագայում դարձել Ներոնի կինը) և տղա` Բրիտանիկոս անունով (ծնվել է 40 թ., մահացել 14 տարեկանում)։

48 թ. իր սիրեկանի հետ Մեսալինան ծրագրում է դավադրության միջոցով Կլավդիոսին զրկել իշխանությունից։ Դավադրությունը բացահայտվում է, և Մեսալինան ենթարկվում է մահապատժի։
49 թ. Կլավդիոսն ամուսնանում է չորրորդ անգամ` Ներոնի մայր Ագրիպինայի հետ, թեև վերջինս իր զարմուհին էր։ Ագրիպինան համոզում է Կլավդիոսին, որ նա որդեգրի Ներոնին, և 50 թ. Ներոնն իր համար ընտրում է Ներոն Կլավդիոս Կեսար Դրուսոս Գերմանիկոս անունը։ Ներոնը տարիքով մեծ էր զարմիկ Բրիտանիկոսից և պատրաստվում էր ժառանգել գահը[11]։

51 թ. Ներոնը դառնում է տասնչորս տարեկան և արդեն համարվում է չափահաս[12]։ Նա նշանակվում է պրոկոնսուլ, ներկայացվում է Հռոմի սենատին, Կլավդիոսի հետ միասին ներկայանում է հանրությանը[12] 53 թ. ամուսնանում է իր զարմուհի Կլավդիա Օկտավիայի հետ[13]։

Remove ads

Կայսր (մ.թ. 54)

Thumb
Ներոնը և Ագրիպինան. Ագրիպինան դափնեպսակով թագադրում է իր պատանի զավակ Ներոնին։ Նա իր ձախ ձեռքին բռնել է առատության եղջյուրը՝ հաջողության և լիության խորհրդանիշը։ Ներոնի հագին հռոմեացի զորավարի զրահազգեստ և թիկնոց է, իսկ ոտքերի մոտ՝ սաղավարտ։ Տեսարանը պատկերում է մ.թ. 54 թ. որպես կայսր Ներոնի իշխանության անցնելը և թվագրված է մ.թ. 59 թ.-ից առաջ, երբ Ներոնն սպանեց Ագրիպինային։[14]
Thumb
Ներոնը և Սենեկան։ Հուշարձան Կորդոբայում, Իսպանիա:

Կլավդիոսը մահանում է 54 թ. հոկտեմբերի 13-ին, և Ներոնը, վերցնելով Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատիներեն՝ Nero Claudius Caesar Augustus Germanicus) անունը, թագադրվում է որպես կայսր։ Անտիկ աշխարհի շատ պատմաբաններ նշում են, թե Ագրիպինան թունավորել է Կլավդիոսին։ Ըստ Պլինիոս Ավագի` դրա համար նա օգտագործել է թունավոր սունկ[15]։ Հայտնի չէ, թե արդյոք Ներոնը տեղյակ է եղել սպանության մասին կամ արդյոք մասնակից է եղել[16]։

Ներոնն իշխանության է անցում 17 տարեկանում[17]` դառնալով մինչև այդ իշխած կայսրերից ամենաերիտասարդը[18]։ Անտիկ աշխարհի պատմաբանները Ներոնի իշխանության վաղ տարիները նկարագրում են որպես նրա վրա մոր՝ Ագրիպինայի, խնամակալ Լուկիուս Անեուս Սենեկայի և Պրետորիայի պրեֆեկտ Սեքստոս Աֆրանիուս Բուրոսի կողմից մեծ ազդեցության ժամանակաշրջան։

Ներոնի մայրը ցանկանում է ամեն կերպ միջամտել որդու գործերին։ 54 թ. նա փորձում է նստել Ներոնի կողքին, երբ վերջինս պետք է հանդիպում ունենար Հայաստանի դեսպանորդի հետ, սակայն Սենեկան չի թողնում և կանխում է սկանդալային տեսարանը[19]։

Կան տեղեկություններ, որ Ներոնը բավարարված չէր Կլավդիա Օկտավիայի հետ ամուսնությամբ և արտամուսնական կապեր է ունեցել Փոքր Ասիայից բերված նախկին ստրկուհի Կլավդիա Ակտեի հետ[20]։ 55 թ. Ագրիպինան փորձում է աջակցել Օկտավիային և պահանջում է, որ որդին խզի Ակտեի հետ ունեցած կապերը։ Ներոնը Սենեկայի աջակցությամբ կանխում է մոր միջամտությունը։
Իր որդու վրա ազդեցությունն ուժեղացնելով` Ագրիպինան սկսում է ճնշում գործադրել Ներոնի զարմիկի՝ Բրիտանիկոսի վրա` նրան կայսր դարձնելու նպատակով[21]։ Մոտ տասնչորս տարեկան Բրիտանիկոսը մինչև Ներոնի որդեգրվելը հանդիսանում էր գահի իրական ժառանգորդը։ Ըստ Տակիտոսի` Ագրիպինան հույս ուներ, որ իր աջակցությամբ Բրիտանիկոսը, լինելով Կլավդիոսի հարազատ որդին, կկարողանա տիրել գահին։ Սակայն, պատանի Բրիտանիկոսը մահանում է հանկարծակի և կասկածելի մահով 55 թ. փետրվարի 12-ին, այն նույն օրը, երբ պետք է հայտարարվեր չափահաս[22]։

Remove ads

Մոր սպանությունը և իշխանության կենտրոնացումը

Ժամանակի հետ Ներոնը դառնում է ավելի հզոր` ազատվելով խորհրդատուներից և վերացնելով գահի հավակնորդներին։ 55 թ. նա հեռացնում է Ագրիպինայի դաշնակից Մարկոս Անտոնիոս Պալասին գանձատանն զբաղեցրած դիրքից։ Պալասը Բուրոսի հետ միասին մեղադրվում էր Փավստոս Սուլլային գահին նստեցնելու նպատակով կայսեր դեմ դավադրություն կազմակերպելու համար[23]։ Սենեկան մեղադրվում էր Ագրիպինայի հետ կապեր ունենալու և ունեցվածքներ յուրացնելու համար[24]։

58 թ. Ներոնը սիրային կապի մեջ է մտնում իր ընկեր և ապագա կայսր Օտոնի կնոջ՝ Պոպեա Սաբինայի հետ[25]։ Տեղեկություններ կան, որ քանի որ Ագրիպինայի կենդանության օրոք քաղաքականապես հնարավոր չէր, որ Ներոնն ամուսնալուծվի և ամուսնանա Պոպեայի հետ, 59 թ. հրամայում է սպանել իր մորը[26]։ Մերօրյա որոշ պատմաբաններ սա համարում են իրականությանը չհամապատասխանող պնդում, քանի որ Ներոնը Պոպեայի հետ ամուսնացած չի եղել մինչև 62 թ.[27]
Ավելացնենք, որ ըստ Սվետոնիոսի` Պոպեան ամուսնալուծված չի եղել մինչև Ագրիպինայի մահը, ուստի անհնար էր, որ արդեն ամուսնացած Պոպեան կարողանար ստիպել Ներոնին ամուսնանալ իր հետ[28]։ Մերօրյա որոշ պատմաբաններ հնարավոր են համարում, որ Ներոնի կողմից Ագրիպինայի սպանությունը կապված է եղել այն բանի հետ, որ մայրը ցանկանում էր իշխանության բերել Ռուբելիուս Պլոտոսին[29]։ Ըստ Սվետոնիոսի` Ներոնը փորձում է իր մոր սպանությունն իրականացնել նավաբեկություն կազմակերպելու միջոցով, որի հետևանքով զոհվում է Ագրիպինայի ընկեր Ակերոնիա Պոլան, սակայն, երբ մայրը փրկվում է, նա սպանում է նրան և ներկայացնում որպես ինքնասպանություն[30]։

Remove ads

64 թվականի Հռոմի մեծ հրդեհը

Հռոմի մեծ հրդեհը տեղի է ունեցել 64 թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը քաղաքի հարավարևելյան մասում` սկսվելով դյուրավառ ապրանքների խանութներից։
Ըստ Տակիտոսի, ով այդ ժամանակ եղել է ինը տարեկան, հրդեհը տարածվել է շատ արագ և տևել է հինգ օր։ Սվետոնիոսն ասում է, որ կրակը մոլեգնում էր վեց օր և յոթ գիշեր[31]։ Այն ոչնչացրեց Հռոմի տասնչորս շրջաններից երեքը և մեծ վնասներ հասցրեց յոթին։

Հայտնի չէ, թե ով կամ ինչն է եղել հրդեհի պատճառը, կամ արդյոք այն եղել է պատահար, թե կազմակերպված։ Սվետոնիոսը և Կասիոս Դիոնը հակված են կարծելու, թե դա եղել է Ներոնի արածը՝ պալատների համալիր կառուցելու նպատակով։ Տակիտոսը նշում է, թե քրիստոնյա հավատացյալները խոստովանել են իրենց մեղքը, սակայն որևէ բան հայտնի չէ նրանց կտտանքների ենթարկելու մասին[32]։ Պետք է ասել, որ հրդեհի պատահարները Հին Հռոմում եղել են սովորական երևույթ, ինչպես օրինակ` 69 թ. և 80 թ. պատահած մեծ հրդեհները[33][34]։

Սվետոնիոսի և Կասիոս Դիոնի պատմելով, քաղաքը վառվելու ժամանակ Ներոնը բեմական զգեստով կանգնել և երգում էր[35]։ Հայտնի լեգենդը պնդում է, թե Ներոնը հրդեհի ժամանակ նվագում էր ջութակ, ինչն անախրոնիզմ է, քանի որ 1-ին դարում Հռոմում ջութակ չի եղել։

Տակիտոսը սակայն համարում է, որ Ներոնն այդ ժամանակ եղել է Անտիումում[36]։ Տակիտոսն ասում է նաև, որ քաղաքը վառվելու ժամանակ Ներոնի քնար նվագելու և երգելու մասին խոսակցությունները բամբասանք են[36]։ Նրա պատմելով, Ներոնը վերադառնում է Հռոմ և իր միջոցներից վճարելով` կազմակերպում է օգնություն[36]։ Ներոնը բացում է իր պալատները՝ օթևան և ուտելիք տրամադրելով անտուն մնացածներին[36]։
Հրդեհից հետո սթափվելով` նա պատրաստում է քաղաքի զարգացման նոր նախագիծ։ Շենքերն սկսում են կառուցել աղյուսից, այնպես, որ նրանց գլխավոր մուտքերը լինեն փողոցի կողմից, այլ ոչ թե բակի, ինչպես նաև լայնացնում են ճանապարհները։ Հրդեհի շնորհիվ` ազատված տեղում կառուցվում է պալատների նոր համալիր։ Համալիրի տարածքում տեղադրվում է Ներոնի 30 մետրանոց արձանը։
Տակիտոսը նշում է, որ ժողովուրդը փնտրում էր քավության նոխազ և իր բամբասանքներում պատասխանատու էր համարում Ներոնին[32]։ Մեղադրանքներից խուսափելու համար կայսրը թիրախ է դարձնում քրիստոնյաներին։ Սկսվում են քրիստոնյաների հալածանքները։ Ներոնը հրամայում է քրիստոնյաներին նետել շներին, մյուսներին խաչել և խարույկի վրա այրել[32]։

Remove ads

Պարթևաստանի հետ պատերազմը Հայաստանի համար

Ներոնի իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց Մեծ Հայքի թագավորությունը տապալում է իբերիացի արքայազն Հռադամիզդին, որի տեղը գրավում է պարթևների նշանակած Տրդատ Ա[37]։ Սա դիտարկվում է որպես պարթևների ներխուժում Հռոմի տարածք, քանի որ այդ ժամանակ Մեծ Հայքի վրա տարածվում էր Հռոմի վասալային իշխանությունը[37] Հռոմում մտահոգված էին, թե ինչպես է երիտասարդ կայսրը ելք գտնելու այս իրավիճակից[38]։ Ներոնն անմիջապես դեպի Հայք զորք է ուղարկում Գնեոս Դոմիցիոս Կորբուլոնի հրամանատարությամբ[39]։ Պարթևները ժամանակավորապես Հայաստանի վրա իրենց ունեցած վերահսկողությունը զիջում են Հռոմին[40]
Պարթևների արքա Վաղարշ Ա-ն հրաժարվում է իր եղբորը հեռացնել Հայաստանից[41]։ Պարթևներն սկսում են լայնածավալ ներխուժում դեպի Մեծ Հայք[25] Կորբուլոնը ետ է մղում պարթևների զորքն այդ նույն տարում[42]։ Տրդատը նահանջում է, և Հռոմը կրկին վերականգնում է իր վերահսկողությունը հայկական տարածքների մեծ մասի վրա[42]։

Այս առաջին հաղթանակից հետո Ներոնը բարձրանում է հանրության աչքում[43]Կապադովկիացի ազնվական Տիգրան Դ-ն թագադրվում է Հռոմում և Ներոնի կողմից նշանակվում Հայքի նոր կառավարիչ[44]։ Որպես պարգևատրում, Կորբուլոնը նշանակվում է Ասորիքի նահանգապետ[44]։

62 թ. Տիգրանը ներխուժում է պարթևական Ադիաբենե գավառը[45]։ Հռոմն ու Պարթևաստանը կրկին պատերազմ են սկսում, որը տևում է մինչև 63 թ.։ Որպես պատասխան, պարթևները պատրաստվում էին հարվածել Հռոմի պրովինցիա Ասորիքին[46]։ Կորբուլոնը փորձում էր համոզել Ներոնին՝ շարունակել պատերազմը, սակայն Ներոնն զգում էր խաղաղության անհրաժեշտությունը[47]։ Հռոմում մտավախություններ կային արևելքից հացահատիկի մատակարարման և պետության միջոցների սղության վերաբերյալ[48]։

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Տրդատը նորից դարձավ Հայաստանի թագավոր, սակայն այս անգամ նրան թագադրեց Ներոնը՝ Հռոմում[49]։ Հետագայում, Հայաստանի թագավոր էր նշանակվում պարթևական արքայազն, սակայն նրա նշանակումը պարտադիր պետք է հաստատեր Հռոմը։
63 թ. կնքված խաղաղության այս գործարքը եղավ Ներոնի քաղաքականության զգալի հաղթանակը[50]։ Ներոնը հարգանք ձեռք բերեց Հռոմի պրովինցիաներում և պարթևների շրջանում[50]։ Պարթևաստանի և Հռոմի միջև խաղաղությունը տևեց 50 տարի` մինչև 114 թ. Տրայանոս կայսեր Հայաստան ներխուժումը։

Remove ads

Վինդեքսի և Գալբայի ապստամբությունները և Ներոնի մահը

Thumb
Ներոնի մարմարե կիսանդրին

68 թ. մարտին գալիացի կառավարիչ Գայոս Հուլիոս Վինդեքսն ապստամբում է Ներոնի հարկահավաքների դեմ[51]։ Ապստամբությունը ճնշելու հրաման է տրվում Վերին Գերմանիայի կառավարիչ Լուկիոս Վերգինիոս Հռուֆուսին[52]։ Վինդեքսն օգնության է կանչում Տարակոնյան Հիսպանիայի կառավարիչ Սերվիոս Սուլպիկիոս Գալբային՝ խոստանալով հետագայում աջակցություն տրամադրել կայսր դառնալու համար[53]։ Նույն տարվա մայիս ամսին Բիսանտիումի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Վերգինիոսի զորքը հեշտությամբ հաղթում է Վինդեքսին, ով ինքնասպան է լինում[52]։ Սակայն, այս ապստամբությունը ճնշելով` Վերգինիոսի լեգեոնները փորձում են կայսր հռչակել իրենց հրամանատարին։ Վերգինիոսը հրաժարվում է դուրս գալ կայսեր դեմ, սակայն լեգեոնների դժգոհությունը և Իսպանիայում Գալբայի դիմակայությունը Ներոնին ծանր կացության մեջ են դնում։

Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է լինում՝ կտրելով իր կոկորդը[54]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads