Շատախ (գավառ)

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Շատախ, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Ընդգրկում է Մոկք նահանգի Արքայից (Մոկք Առանձնակ), Ջերմաձոր և Իշայր, Վասպուրական նահանգի Բուժունիք, մասամբ՝ Անձևացիք գավառները։ Տարածքը լեռնային է և ջրառատ, ծածկված թավ արոտավայրերով, խոտհարքներով, անտառաշերտերով։ Գավառի միջով հոսում է Արևելյան Տիգրիսը (Ջերմ)՝ 30 վտակով։ Կենտրոնն է Շատախ կամ Թաղ ավանը։ XX դ․ սկզբին ուներ 95 գյուղ, որից 57-ը՝ հայաբնակ, մնացածը՝ քրդաբնակ։ Թաղի բնակիչները զբաղվել են արհեստագործությամբ (գլխավորապես՝ ջուլհակությամբ), առևտրով, գյուղական բնակչությունը՝ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկների և այլ բույսերի մշակությամբ, մասամբ նաև՝ այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հայկական դպրոցներ են եղել Թաղում, Արշամատ, Ծիծանց, Կաճեթ, Ջնուկ, Հինենց ևն գյուղերում։ Թաղում գործել է թատերական ինքնագործ խումբ։ Շատախի հայությունն իր կիսանկախությունը պահպանել է մինչև XIX դ․ 70-ական թթ․, երբ նշանակվել է քուրդ գավառապետ, և Շատախի վերջին հայ իշխան Մահտեսի Սահակը ստիպված հեռացել է Վան։ Շատախի հայությունը պայքարել է իր իրավունքների համար, 1896-ի հայկական կոտորածի և 1915Մեծ եղեռնի ժամանակ մղել հերոսական գոյամարտ։ Մեծ եղեռնի հետևանքով Շատախի հայկական գյուղերն ամայացան, փրկվածներն ապաստանեցին Արևելյան Հայաստանում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շատախ (այլ կիրառումներ)

Շատախում պահպանվել են մի շարք միջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձաններ։ Թաղում է գտնվում Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (XVII դ․, հիմնովին վերակառուցել է Աղթամարի Խաչատուր Գ կաթողիկոսը 1880—82-ին)։ Այն խոշոր եռանավ բազիլիկ է, երկու զույգ խաչաձև մույթերով, արևելքում դեպի դահլիճ բացվող երեք աբսիդներով։ Առաստաղի ինը հատվածները ծածկված են ձվաձև, առագաստային անցումներով ցածրիկ գմբեթներով։ Գետի ձախ ափին գտնվում է Ս․ Ստեփանոս եկեղեցին (XVII դ․), որը մեկ զույգ որմնամույթերով աբսիդի երկու կողմում չափազանց նեղ և երկար ավանդատներով թաղածածկ դահլիճ է։ Պատերը շինված են եղևնաձև շարվածքով։ Թաղից 1 կմ հյուսիս կանգուն է բավական լավ պահպանված Ս․ Աստվածածին եկեղեցին, որը մեկ զույգ որմնամույթերով և երկայնական պատերին կից որմնախորշերով թաղածածկ դահլիճ է (աբսիդը կառուցված է հայ ճարտարապետության մեջ աննախադեպ՝ քառանիստ ձևով)։ Ս․ Աստվածածին եկեղեցու մոտ է գտնվում թաղածածկ դահլիճ տիպի, բեմի կիսաձվաձև աբսիդով Ս. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է վաղ միջնադարի նույնատիպ շինության տեղում արևելյան կողմում պահպանվել է նախկինի բեմը՝ շեշտված պայտաձև աբսիդով։ Թաղից հարավ, այժմ Կաշիկ կոչվող գյուղում կան երկու եկեղեցի՝ միանավ թաղածածկ Շատախի Սևտիկին գյուղի Ս․ Տիկին եկեղեցու (X դ․) հատակագիծը դահլիճն գյուղից դուրս՝ գմբեթավոր դահլիճ (բավական լավ պահպանված) տիպի։ Թաղից հարավից-արևելք, Շատախ գետի վտակի ափին կանգուն է Ս․ Սարգիս եկեղեցին (XIV դ․), որն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ երկու զույգ գմբեթակիր հզոր մույթերով, արևելյան բեմի ուղղանկյուն աբսիդով։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթն իրականացված է առագաստների միջոցով։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից՝ ութանիստ։ Սևտիկին գյուղում պահպանվել է Սուրբ Տիկին եկեղեցին (X դ․)։ Այն քառախորան է, կենտրոնագմբեթ, կառուցված՝ կոպիտ տաշված բազալտից։ Հյուսիս-արևելյան անկյունում աբսիդով ավանդատուն է, իսկ հյուսիս-արևելյան անկյունում՝ ուղղանկյուն սենյակ։ Ավագ խորանը լուսամուտ չունի։ Միակ մուտքը արևմուտքից է։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ներսից գլանաձև, դրսից ութանիստ թմբուկով գմբեթը իրականացված է առագաստներով։

Շատախի հայաբնակ գյուղ Առեղ, Առիգոմ, Առոսկի, Արըհ, Արմշատ, Աքրուս, Բախչկանց մազրա, Գոմս, Գոդիս, Դարենց Վերին և Դարենց Ներքին, Երիցու մազրա, Թաղ, Խումար, Ծիծանց, Ծուղ, Կաղազիս, Կաղպի, Կաճեթ, Կայնեմերան, Կասր, Կարադեր, Կոճ, Կոռիչ, Կոռովանք, Կվերս, Հաշկանց, Հիլի, Հինենց, Հորիս, Ճամիկ, Մարդակերոց, Մարծեղ, Մաքոշկ, Մուսկավեն, Հարո մազրա, Նառ, Նավահանդ, Շահրուր, Շամո մազրա, Շեղջանց, Շիդան, Շինա մազրա, Պաղկ, Պապոնց մազրա, Պողոս, Ջնուկ, Սակ, Սարկեթ, Սոզվանց, Սևտիկին, Սիվտկնա գոմեր, Վախրով, Տղասպար, Փաղենց, Քոսենց մազրա, Քրմենց:

Remove ads

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 457
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads