Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն[2], Պոլսո հայոց պատրիարքություն, կամ Պատրիարքություն հայոց Թուրքիոյ, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Աթոռանիստը՝ Ստամբուլ քաղաքի Գում Գափու թաղամասի սուրբ Աստվածածին մայր տաճար։ Նույն քաղաքում է գտնվում Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Պոլսո թեմը, որի աթոռանիստն է Բեյօղլու թաղամասի սուրբ Աստվածածին տաճարը։ Մինչև օրս Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունն ունեցել է 86 գահակալ։
Չշփոթել Պոլսո թեմ հոդվածի հետ։
Remove ads
Պատմություն
Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461 թվականին, սուլթան Մեհմեդ II-ի նախաձեռնությամբ։ Նախքան այդ, հայ եկեղեցական համայնքը Կոստանդնուպոլսում կազմակերպվել է 572 թվականին։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ Այդ ժամանակ կաթողիկոսական աթոռը արդեն իսկ տեղափոխվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (1441), իսկ մյուս երկու նվիրապետական աթոռները՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, գտնվում էին Օսմանյան կայսրության կողմից այդ պահին չվերահսկվող տարածքներում․ թուրքահպատակ էր Հայկական լեռնաշխարհի մի մասը՝ ի դեմս Փոքր Հայքի։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում «հայոց պատրիարք» տիտղոսը։ 16-րդ դարում արդեն ամբողջ Արևմտյան Հայաստանը դառնում է կայսրության մաս (1555), որով վերոհիշյալ երկու նվիրապետական աթոռները անցնում են կայսրության սուվերեն հսկողության ներքո, իսկ Հայաստանի չորրորդ բաժանումից հետո կայսրությանն է միանում նաև Վան-Վասպուրականը, որտեղ գործում էր Աղթամարի կաթողիկոսությունը։ Կայսրության տարածքից դուրս գործում էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական վեց աթոռներից երկուսը՝ Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունները։
Արդեն 17-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլսի պատրիարքությանն են փոխանցվում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր հայ առաքելական եկեղեցիները։ Ի հեճուկս «պատրիարքություն» կոչվելուն՝ հաճախ այն ավելի գերիշխող դիրք էր գրավում, քան կաթողիկոսական երկու աթոռները՝ Աղթամարն ու Կիլիկիան։ 1830 թվականին հայ կաթողիկե համայնքի համար Կոստանդնուպոլսում հիմնադրվում է մեկ այլ կրոնական կազմակերպություն՝ Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Պոլսո թեմը, որի առաջնորդանիստը ևս կոչվում էր սուրբ Աստվածածին։ Կոստանդնուպոլսի պատրիարքության դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860) ընդունումից հետո։ 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք։
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, պատրիարքության նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց Հայկական հարցի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, պատրիարքությունը որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879 թվականին գումարվող Բեռլինի կոնգրես։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքությունը բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները Արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։
Պատրիարքության երբեմն անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների (Արմենական կուսակցություն, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն) կողմից՝ 1890 թվականի Գում Գափուի ցույցի, 1894 թվականի հայկական կոտորածների և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ցեղասպանության ժամանակ։ Պատրիարքությունը զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Արևմտյան Հայաստանի, Կոստանդնուպոլսի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո Պատրիարքությունը զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։
Remove ads
Ներկա վիճակ
Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին)։ Այսօր Կոստանդնուպոլսի պատրիարքության իրավասության տակ են գտնվում ընդհանուր առմամբ 45 եկեղեցի, որոնցից 44-ը՝ Թուրքիայում, իսկ մեկը՝ Կրետե կղզում։ Թուրքիայի հայկական եկեղեցիներից վեցը գտնվում են Ստամբուլից դուրս՝ Կեսարիայում (սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Դիարբեքիրում (սուրբ Կիրակոս), Դերիկում (սուրբ Գևորգ), Իսքենդերունում (սրբոց Քառասնից Մանկանց), Քըրըքհանում (սուրբ Գրիգոր Լուսավորիչ) և Վաքըֆլը (սուրբ Աստվածածին) գյուղում։ Պատրիարքության ուղղակի կամ անուղղակի տնօրինության տակ են նաև բազմաթիվ այլ հաստատություններ։
Remove ads
Աղբյուրներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads