Ջոզեֆ Ֆայնս

From Wikipedia, the free encyclopedia

Ջոզեֆ Ֆայնս
Remove ads

Ջոզեֆ Ֆայնս (անգլ.՝ Joseph Fiennes, լրիվ անունը՝ Ջոզեֆ Ալբերիք Իսքարիոթ Թուիսլթոն Վիքհեմ Ֆայնս, անգլ.՝ Joseph Alberic Iscariot Twisleton Wykeham Fiennes, մայիսի 27, 1970(1970-05-27)[1][2][3], Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան՝ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության։ Ծնվել է 1970 թվականի մայիսի 27-ին Սոլսբերի, Ուիլթշիր, Անգլիա։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում, ներկայացումներում և սերիալներում։ Դերասանական գործունեությունից բացի զբաղվում է սոցիալ-քաղաքական պրոբլեմներով, ընդգրկված է մի քանի բարեգործական ծրագրերում, ֆինանսավորում է քաղցկեղային հիվանդությունների հետ կապված գիտական հետազոտությունները։ Արքայազնի վստահության (The Prince's Trust), բարեգործական հիմնադրամի դեսպաններից է[5], զբաղվում է նաև թենիսով, ալպինիզմով, սերֆինգով և ձիարշավով[6]։ Ֆայնսը սերում է ազնվական ընտանիքից և հանդիսանում է Ուելսի արքայազն Չարլզի 8-րդական զարմիկը։

Արագ փաստեր Ջոզեֆ Ֆայնսանգլ.՝ Joseph Alberic Twisleton-Wykeham-Fiennes, Հասակը ...
Remove ads

Կենսագրություն

Ֆայնսը ծնվել է հարավարևելյան Անգլիայի Սոլսբերի քաղաքում (Ուիլթշիր կոմսություն), լուսանկարիչ և ֆերմեր Մարկ Ֆայնսի և վիպասանուհի Ջենիֆեր Լեշի բազմազավակ ընտանիքում[7]։ Նրա ավագ եղբայրը հայտնի դերասան Ռայֆ Ֆայնսն է, քույրերը՝ Մարթա և Սոֆի Ֆայնսերը ռեժիսորներ են, եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը կոմպոզիտոր է, իսկ Յակոբ Ֆայնսը, որը նրա երկվորյակ եղբայրն է, էկոլոգ է և վայրի բնության պաշտպան։ Ֆայնսն ունի ևս մեկ որդեգրված եղբայր՝ Մայքլ Էմերին, որը զբաղվում է հնագիտությամբ։

Ֆայնսը մեծացել և կրթություն է ստացել սկզբում Իռլանդիայում (Արևմտյան Քորք), որից հետո տեղափոխվել է Անգլիա։ Ֆինանսական պրոբլեմների հետ կապված ընտանիքի հաճախակի այս ու այն կողմ տեղափոխվելու պատճառով, նա ստիպված է եղել սովորել 14 տարբեր դպրոցներում։ Ծնողների, հատկապես մոր մեծ սերը մշակույթի նկատմամբ և երեխաներին տված դաստիարակությունը արվեստի և գրականության սիրո մթնոլորտում, մեծ ազդեցություն է ունեցել հետագայում երեխաների մասնագիտության ընտրության մեջ։ Ֆայնսը հիշում է, որ իրենք հեռուստացույց չունեին, փոխարենը միշտ կարդում էին։ 16 տարեկանում Ֆայնսը մեկ տարի սովորել է Սաֆոլկի գեղարվեստական դպրոցում, բայց այն թողել է միանալու համար Young Vic Youth Theatre-ին։ Թագավորական ազգային թատրոնում չորս տարի աշխատել է որպես զգեստապահ[8]։ Այնուհետեև երեք տարի սովորելով Լոնդոնի Գիլդհոլի երաժշտական և դրամայի դպրոցում և ավարտելով այն 1993 թ.-ին՝ Ֆայնսը սկսում է զբաղվել դերասանական իր կարիերայով։

Remove ads

Կարիերա

Ֆայնսի կարիերան սկսվում է թատրոնից։ Նա իրեն նախ և առաջ համարում է թատրոնի դերասան և շատ անգամ հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց՝ գերադասելով բեմը կինոյից։ Ֆայնսի առաջին թատերական պրոֆեսիոնալ դեբյուտը եղել է Լոնդոնի Վեստ Էնդ թատրոնում, «Կինը սևի մեջ» ներկայացման մեջ։ Երկրորդ, «Մեկ ամիս արվարձանում» բեմադրման ժամանակ նրա խաղընկերուհին հայտնի բրիտանացի դերասանուհի Հելլեն Միրրենն էր։ Այնուհետև Ֆայնսը երկու տարի աշխատում է Շեքսպիրյան թագավորական թատրոնում և ցուցաբերած փայլուն դերասանական խաղի համար բարձր գովասանքի է արժանանում թատերական քննադատների կողմից։ Մեծ հաջողություն է ունենում «Մարդու Որդին» ներկայացումը, որտեղ Ֆայնսը մարմնավորում է Հիսուս Քրիստոսին։ Ֆայնսի դեբյուտային ֆիլմը «Փոփփի Քերյուի անվճռականությունն» է՝ 1995 թ-ին, սակայն նրա առաջին լուրջ դերը գեղարվեստական կինոյում Քրիստոֆերի կերպարն է՝ 1996 թ., իտալացի ռեժիսոր Բելուչչիի նկարահանած «Հպանցիկ գեղեցկություն» ֆիլմում։ Կինոյում նրա առաջին քայլերը աչքի չեն ընկնում, փոխարենը նա ակտիվ զբաղվում է թատրոնով, խաղում է մի շարք ներկայացումներում՝ «Տեսարանը կամրջից», «Դրախտի երեխաները», «Թրոլյուսն ու Քրեսիդան», «Ինչպես դա քեզ դուր է գալիս», «Խոտե մահճակալը»։

1998 թ-ին նրա գլխավոր դերակատարմամբ էկրան են բարձրանում միանգամից երեք ֆիլմ՝ «Ինչ-որ բան Մարթայի մասին» (Լաուրենս) կատակերգությունը, և Օսկարի ներկայացված երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» (Ռոբերտ Դադլի) պատմական դրաման և «Սիրահարված Շեքսպիրը» (Ուիլլ Շեքսպիր) ռոմանտիկ կատակերգությունը, որը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում ճանաչվում է տարվա լավագույն ֆիլմ։ Երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նրա խաղընկերուհիներն են Քեյթ Բլանշետը և Գվինեթ Փելթրոուն, Ֆայնսին բերում են համաշխարհային ճանաչման։ Սիրահարված Շեքսպիրում Ֆայնսը մարմնավորում է երիտասարդ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի կերպարը։ Շեքսպիրի դերկատարման համար Ֆայնսը արժանանում է Լաս Վեգասի կինոքննադատների ասոցիացիայի, ինչպես նաև Chicago film Critics Association Awards-ի կողմից որպես ամենախոստումնալից դերասան, MTV Movie Awards-ի կողմից՝ լավագույն համբույրը մրցանակներին և առաջադրվում է BAFTA-ի, MTV Movie Awards-ի, Screen Actor Guild Awards-ի կողմից տարվա լավագույն դերասան անվանակարգում։ Նա Miramax ընկերության հետ միանգամից հինգ ֆիլմի պայմանագիր է կնքում, սակայն ավելի ուշ չեղյալ է համարում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը[9]։

Սիրահարված Շեքսպիրի հաջողությունից չշլացած, և անկախ կինոյում բացված փայլուն հեռանկարից իր համար՝ բավականին համեստ դերասանը, խուսափելով «Սեքս խորհրդանիշ» ճանաչվելուց, մի քանի ամիս անհայտանում է գլամուր աշխարհի տեսադաշտից[10]։ Վերադառնում է թատրոն և խաղում է «Իրական լավ գործ» ներկայացման մեջ. թատրոնում շաբաթական 200 ֆունտ աշխատավարձով։ Հաճախ Հոլլիվուդը քննադատել է Ֆայնսին, որ նա չկարողացավ որսալ իր հաջողության պահը Շեքսպիրից հետո և մտնել այն դռներով, որ «Սիրահարված Շեքսպիրն» էր բացել իր առջև։ Ֆայնսը սիրում է թատրոնը, որտեղ նա կարող է կերտել։ 2001 թ. «Էդուարդ Երկրորդ» թատերական բեմականացման մեջ նա խաղում է Էդուարդ Երկրորդի դերը, և հենց նույն թվականին էլ էկրան է բարձրանում նրա գլխավոր դերակատարմամբ «Թշնամին դարպասի մոտ» ռազմական դրաման, որտեղ նա մարմնաորում է ռուս կոմիսար «Դանիլովի» կերպարը։ Ստանալով մեծ թվով առաջարկներ հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների կողմից ֆիլմերում նկարահանվելու՝ նա միևնույն է հավատարիմ է մնում թատրոնի նկատմամբ իր դերասանական կրքին և չի հրաժարվում թատրոնում իր դերերից։ 2002 թ. «Սպանիր ինձ նրբորեն» էրոտիկ թրիլերը, որը պատմություն է Ալիսի և առեղծվածային Ադամ Թելիսի անկառավարելի սեքսուալ կրքերի մասին, որտեղ Ֆայնսը խաղում է Ադամ Թելիսի կերպարը, նորից թարմացնում է Ֆայնսի Շեքսպիրյան փառքը։ Դրան հաջորդում են 2003 թ. «Լյութեր»(Մարտին Լյութեր) և 2004 թ. «Վենետիկի վաճառականը» (Բասսանիո) ֆիլմերը, վերջինս նաև Ալ Պաչինոի և Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ[11]։ 2006 թ. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Դայան Քրյուգերի, Դեննիս Հեյսբերթի և իր գլխավոր դերակատարմամբ Ֆայնսը նկարահանվում է «Մնաս բարով Բաֆանա», քաղաքական բանտարկյալ, հեղափոխական Նելսոն Մանդելայի՝ բանտում անցկացրած տարիների, բանտապահ Ջեյմս Գրիգորիի և Մանդելայի միջև ձևավորված ընկերության մասին պատմող ֆիլմում[12]։ 2007 թ. Ֆայնսը Ռուսաստանի հետ համատեղ, առաջին անգամ որպես ռեժիսոր, նկարահանում է «Ոգին» կարճամետրաժ ֆիլմը[13][14]։

Մասնակցել է «Անիմացիոն դյուցազնավեպ» 1999 թ., «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» 2003 թ. և «Մարդկային զգայնության կորած և գտնված արկղը» 2010 թ. անիմացիոն մուլտֆիլմերի հնչյունավորմանը, ինչպես նաև 1998 թ. BBC Radio4 ռադիոալիքով հեռարձակվող «Ավան», «Աղոթողի դիմակը» վեպերի ռադիոբեմականացմանը և 2002 թ. թողարկված Շեքսպիրի սոնետների ամբողջական հավաքածուի՝ «Երբ սերն է խոսում» CD ալբոմի աուդիոընթերցումներին։ 2010 թ. Ֆայնսը հրավիրվում է մասնակցելու հայտնի ֆրանսիական սուրճի «Carte Noir» ապրանքանիշի կողմից կազմակերպված «Carte Noire-ի ընթերցողները» դասական ստեղծագործությունների ընթերցման տեսաշարում[15]։ Ֆայնսի կարիերան շարունակվում է առ այսօր. նա 2009-2010-2011-2012 թվականներին նկարահանվել է «FlashForward» (Գալիքի պահը), «Քամելոթ», «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում։

Remove ads

Ընտանիք

Ֆայնսն իր կնոջ՝ արմատներով իսպանացի, շվեյցարական մոդել Մարիա-Դոլորես Դիեգեսի հետ ծանոթացել է 2005 թ. Տաորմինայում (Սիցիլիա) անցկացվող կինոփառատոնի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 2009 թվականին Տոսկանայում։ Զույգն այժմ ունի երկու դուստր՝ Սեմ ծնվ. 2010 թ. և Իզաբել ծնվ. 2011 թ.։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Ֆիլմի անվանում ...
Remove ads

Թատերագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Ներկայացման անվանում ...
Remove ads

Անիմացիոն կրկնօրինակումներ

Մանրամասն տեղեկատվություն տարեթիվը, անվանումը ...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads